ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը մասնակցեց Մայրենիին նվիրված միջոցառմանը

Փետրվարի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի Հովհաննես Իսակովի անվան հ.132 դպրոցում տեղի ունեցավ Մայրենիին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, մտավորականներ, ուսուցիչներ, հյուրեր:

Ցուցադրվեցին Մայրենիին նվիրված գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, փոքրիկ բեմականացումներ, այդ թվում՝ «Արի տուն» ծրագրի մասին:Դերակատար աշակերտները հրաշալի արևմտահայերենով  ներկայացրին Սփյուռքում ապրող հայ ընտանիքի ոգևորությունը՝ «Արի տուն» ծրագրի մասին լսելուց հետո. ընտանիքի մեծ մայրը որոշում է թոռնիկի հետ գալ Հայրենիք, որպեսզի պատանին մասնակցի ծրագրին ու ծանոթանա Հայաստանի տեսարժան վայրերին, հայկական առօրյային, նիստուկացին և այլն:

Ընթերցվեցին Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի ստեղծագործություններն ու նամակները՝ նվիրված Հայոց լեզվին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:Նա մասնավորապես նշեց. «Այս բեմում խնկարկված մայրենին իսկապես հույս է ներշնչում, որ մեր լեզվի պահպանությունն ամուր ձեռքերում է:Մենք պարտավոր ենք պահպանել մեր լեզուն հեռուստատեսությամբ, վիրտուալ աշխարհում, առօրյա կյանքում: Մեր լեզվի պահպանությունը ռազմավարական նշանակություն ունի, ուստի ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ, մշտապես հետևում է հայոց լեզվի պահապանների՝ մեր մանկավարժների, հեռուստամեկնաբանների, ընտանիքներում հնարավորինս անաղարտ հայերենով հաղորդակցվող հայ մայրերի հաջողություններին և այսօր մենք պարգևներ կհանձնենք նրանց»:

Մայրենի լեզվի անաղարտության պահպանման, զարգացման և տարածման գործում նշանակալի ավանդի, ընտանիքում Մայրենին պահպանելու և զավակներին փոխանցելու համար, ինչպես նաև «Մայրենի լեզվի օր» տոնի կապակցությամբ հիմնական դպրոցների աշակերտների մայրերի մրցույթի հաղթողներ Արմինե Ասատրյանը (Մ. Մեծարենցի անվ. հ. 146 դպրոց), Լուսինե Մուրադյանը («Վարդանանց ասպետներ» հ.106 դպրոց), Քրիստինե Մնացականյանը (Սիամանթոյի անվան հ.162 դպրոց, Աննա Հովհաննիսյանը (հ. 75), ասմունքող Գայանե Սամվելյանը և Հայկական երկրորդ հեռուստաալիքի մարզական մեկնաբան Հարություն Մինասյանը պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով:

ՀՀ սփյուռքի նախարարության խրախուսական մրցանակներով՝ նախարարության պատվերով և հովանավորությամբ հրատարակված գրքերով, պարգևատրվեցին հայոց լեզվին լավ տիրապետող և հայերենը հնարավորինս անաղարտ օգտագործող դպրոցականները:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր խոսքում նշեց, որ նոր սերունդն ընթերցասեր է, և այդ մասին են վկայում Հայաստանի գրադարանների և գրախանութների աշխատակիցները:

Միջոցառման ավարտին բեմում կանգնած և դահլիճում նստած աշակերտները առանձնակի ոգեշնչմամբ խոստացան և բարձրաձայն երդվեցին մաքուր, անաղարտ պահել Մեսրոպ Մաշտոցի հանճարով ստեղծված և դարերով ավանդված մեր ոսկեղենիկ հայերենը:

2 3 4 5

Scroll Up