Նոր մասնաշենքում ՀՀ սփյուռքի նախարարության առաջին գործակարգավարական խորհրդակցությունը

Փետրվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարության նոր մասնաշենքում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց փետրվարի 13-15-ը Լիբանան կատարած իր այցի արդյունքները, անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Մերձավոր և Միջին Արևելքի երկրների տարածաշրջանային հանձնաժողովի ամփոփիչ նիստին` բարձր գնահատելով իրականացված աշխատանքները և համաժողովի կազմակերպումը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ակտիվ ու նվիրյալ աշխատակիցներին՝ նոր մասնաշենք տեղափոխվելու աշխատանքները ջանադրաբար և բարձր կազմակերպվածությամբ իրականացնելու համար և հավելեց, որ առավել բարվոք աշխատանքային պայմանները կնպաստեն աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, թիմային աշխատանքի մշակույթի կատարելագործմանը:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին: Տարածաշրջանային վարչությունների ղեկավարները ներկայացրեցին նախարարության ծրագրերին համայնքների մասնակցության վերջին տվյալները և բավարար չափով մասնակիցներ ներգրավելուն ուղղված աշխատանքները:

Քննարկվեցին նախարարության կապի միջոցների կարգավորմանն ու անխափան գործարկմանն առնչվող հարցեր: Ներկայացվեց վերջին շրջանում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Կարևորվեցին սիրիահայերի հիմնախնդիրների իրավական լուծմանն առնչվող հարցեր: Նախարարը բարձր գնահատեց ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահահանդես-տոնավաճառի կազմակերպումն ու լուսաբանումը:

Տրվեցին նախարարության աշխատակիցների կարգապահությանը, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն, ծառացած խնդիրները հետևողականորեն լուծելուն և ծրագրերի մշակմանն ու իրականացմանը բարձր պատասխանատվությամբ և ստեղծագործաբար վերաբերվելու հետ կապված ցուցումներ և հրահանգներ:

Քննարկվեցին նաև «Իմ Հայաստան» փառատոնի, Համահայական մրցանակաբաշխության և 2016թ. իրականացվելիք համաժողովների կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցեր:

Կարևորվեց փետրվարի 19-ին և 21-ին Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելը և լուսաբանելը:

Հանձնարարվեց աշխատանքներ տանել Սփյուռքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության ցանկավորման, թվայնացման և պահպանման ուղղությամբ:

Տրվեցին հանձնարարականներ և դրանք ժամանակին, արդյունավետ և հետևողականորեն իրականացնելու ցուցումներ:

Scroll Up