Շվեդիայի հայկական համայնքն ակնկալում է երկրի կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Swedish-Parliament.jpg)
Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Շվեդիայում հայկական համայնքը 2016 թվականին ակնկալում է Շվեդիայի կառավարության դիրքորոշումը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայի հայկական ասոցիացիայի խոսնակ Վահագն Ավեդյանը: «Շվեդիայի խորհրդարանը 2010-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և կոչ արեց կառավարությանը նույնպես դիրքորոշում հայտնել:
Նախկին կառավարությունն այդ ուղղությամբ ոչինչ չարեց, բայց ներկա կառավարությունն ասել է, որ մեկ տարվա ընթացքում իրենց կարծիքը կհայտնեն: Մենք հետևում ենք այդ գործընթացին և ակնկալում, որ այս տարի կառավարությունը կհայտնի իր դիրքորոշումը»,-ասաց Վահագն Ավեդյանը:
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պարբերաբար է աշխատանք տարվում: Բավական ակտիվ էր 2015 թվականը: Շվեդական լրատվամիջոցները բազմաթիվ հոդվածեր, ռեպորտաժներ հրապարակեցին Հայոց ցեղասպանության թեմայով: «Պետք է ակտիվորեն աշխատել շվեդ-հայկական խորհրդարանական խմբի հետ: Նրանց ակտիվությունը, կարելի է ասել, նաև մեր ակտիվությունից է կախված, և մենք նախատեսում ենք աշխատել այդ ուղղությամբ: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարցի կողքին պետք է դնել նաև Արցախի հարցը: Մանավանդ, տեսանք, ԵԽԽՎ երկու հակահայկական զեկույցներ քննարկվեցին»,-ավելացրեց Վահագն Ավեդյանը: Շվեդիայի հայկական ասոցիացիայի խոսնակը նշեց, որ հայկական համայնքի համար կարևոր է նաև սիրիահայ գաղթականների հարցը: Վերջին շրջանում մեծ թվով սիրիահայեր են հասել Շվեդիա:
«Փորձում ենք օգնել տարբեր հարցերով, իսկ խնդիրները բազմազան են` նյութական, կրթական, փաստաթղթային հարցեր և այլն»,-ասաց Վահագն Ավեդյանը` նշելով, որ հայկական միությունները զբաղվում են շաբաթօրյա կամ կիրակնօրյա դպրոցների աշխատանքների կազմակերպմամբ: