Պատմական տարածքների վերադարձը Ցեղասպանության հետևանքների վերացման տարբերակներից է. հետազոտություն

Պատմական Հայաստանի տարածքների կամ դրանց մի մասի վերադարձը մեր երկրին Ցեղասպանության հետևանքների վերացման տարբերակներից է:

Այս մասին են վկայում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխատանքային թիմի «Հայոց ցեղասպանության երևույթի ընկալման առանձնահատկությունները և հոգեբանական-աշխարհայացքային անդրադարձները հանրային կարծիքում» թեմայով սոցիալական հետազոտության արդյունքները:

«Հետազոտությունն իրականացվել է 2015 թ. մարտի 15-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում, 560 երևանցիներ են մասնակցել: Հետազոտության նպատակն է եղել վեր հանել Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության փաստի կապակցությամբ հանրային կարծիքում առկա տրամադրությունների ու դիրքորոշումների, դրա հետևանքների մեղմման և վերացման քայլերի վերաբերյալ կարծիքների ասպեկտները»,-«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում նշեց Փիլիսոփայականգիտությունների թեկնածուդոցենտհետազոտական թիմի ղեկավար ՀովհաննեսՀովհաննիսյանը:

Ստացված տվյալների հիման վրա պատրաստվել է վերլուծություն, որը օգտակար կարող է լինել մասնագետների, պետական կառույցների համար:

«Ըստ հետազոտության` Ցեղասպանությունը հարցվողների շրջանում ափսոսանքի և կորստյան ցավի, այն կազմակերպողների և իրականացնողների նկատմամբ ատելության, պահանջատիրության և հատուցման համար պայքարելու զգացողություններ է առաջացնում»,-նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Ցեղասպանությունների հետևանքների վերացման տարբերակների մեջ հարցվածները նշել են պատմական Հայաստանի տարածքների կամ մի մասի վերադարձը, հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության փաստի ճանաչումը և դատապարտումը Թուրքիայի կողմից, զոհերի, նրանց հարազատների և ժառանգների վերաբնակեցումը պատմական հայրենիքում, ԼՂՀ ճանաչումը Թուրքիայի կողմից, Ցեղասպանության զոհերի ժառանգներին նյութական և դրամական փոխհատուցում տրամադրելը և այլն:

Բացի այդ, ըստ հարցման տվյալների` Հայաստանի ու նրա խնդիրների նկատմամբ դրական վերաբերմունք են ցուցաբերում Ֆրանսիան, ՌԴ-ն, Հունաստանը, ՄԱԿ-ը, Իտալիան: Բացասաբար տրամադրված երկրներն են Ադրբեջանը, Թուրքիան, «Իսլամական Պետությունը»:

Հովհաննես Հովհաննիսյանի տեղեկացմամբ` նույն հետազոտությունը կիրականացվի նաև այս տարի:

Scroll Up