«Օդեսայում փոքրիկ Հայաստան ենք ստեղծել». Աննա Գևորգյան

Ուկրաինայի «Հայ տիկնանց միություն» կոմիտեի նախագահ և Օդեսայի հայկական մշակութային կենտրոնի տնօրեն  Աննա Գևորգյանը 1985 թվականին է հաստավել Օդեսայում: Մասնագիտությամբ մաթեմատիկոս է, Ուկրաինայում նաև դիզայներական աշխատանքների մեջ է հմտացել: Նա ակտիվորեն մասնակցել է Օդեսայի հայկական մշակութային կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքներին:

Երբ 2008 թվականին օդեսաբնակ հայ բարերարների մեկենասությամբ բացվել է մշակութային անչափ կարևոր կենտրոնը, հենց տիկին Գևորգյանին է վստահվել տնօրենի պաշտոնը: Իմանալով այդ մասին՝ տարակուսել է՝ ստանձնել, թե ոչ այդ պատասխանատու պաշտոնը, քանի որ մտածել է, որ այն ավելի շատ տղամարդու համար է նախատեսված: Հետագայում արդեն  հասկացել է, որ պետք  չէ խուճապի մատնվել, քանի որ շուրջը համախոհներ կան, որոնք նեցուկ կլինեն իրեն: Աննա Գևորգյանին հուսադրել է նաև այն միտքը, որ ազգանպաստ գործունեությամբ է զբաղվելու:

Ինչպես տեղեկացրեց Աննա Գևորգյանը, Մշակութային կենտրոնի բացմամբ՝ կարծես Օդեսայում փոքրիկ Հայաստան են ստեղծել, որի նպատակը հայապահպանությունն է, օտարության մեջ գտնվող հայ սերնդին հայեցի դաստիարակություն փոխանցելն ու ազգային արժեքները վեր հանելու առաքելությունը: Անցնող տարիների ընթացքում կենտրոնը զգալի ճանաչում է ձեռք բերել ու իր շուրջը համախմբել նույն գաղափարին ծառայող մարդկանց:

Կենտրոնում գործում է Մեսրոպ Մաշտոցի անվան երկօրյա դպրոցը, որտեղ դասավանդվում է հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն: Դասընթացներին մասնակցելու հնարավորություն ունեն նաև մեծահասակները:

Մշակութային կենտրոնին կից գործում է նաև «Արևիկ» երկօրյա մանկապարտեզը, որտեղ փոքրիկներին նաև հայկական տառեր են սովորեցնում:

Կենտրոնում գործող արտադասարանական խմբակները բազմաճյուղ են. կան երգի, պարի, կավագործության, նկարչության, հոգեբանության,  ձեռագործության, ասեղնագործության և այլ  խմբակներ: Պարտադիր նշվում են ազգային, եկեղեցական և պետական բոլոր տոները:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ դասընթացներին մասնակցում են նաև ռուսներ, հիմնականում՝ մեծահասակներ, որի մասին Աննա Գևորգյանը հետևյալն ասաց. «Խանդավառությամբ են գալիս դասընթացներին և ծանոթանալով մեր դարավոր մշակույթին և պատմությանը՝ հիացմունքի խոսքեր են ասում հայ ժողովրդի վերաբերյալ: Նույնիսկ նախընտրում են, որ իրենց երեխաներին հայ կանայք խնամեն, քանի որ նրանց դուր է գալիս, թե ինչպես ենք մենք երեխաներին դաստիարակում և ընտանեկան սովորույթները փոխանցում»:

Տնօրենը բարձր գնահատեց նաև Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանի և Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի դերը հայապահպանության գործում. «Նրանք միշտ սատար են կանգնում մեզ, բոլոր ծրագրերն իրականացնում ենք նրանց հետ քննարկելով, քանի որ ճիշտ ռազմավարություն են ընտրել հայ համայնքի աշխատանքները կազմակերպելու առումով, նրանց ջանքերի շնորհիվ այն արդյունքին ենք հասնել, որ բոլորը մեզ՝ իբրև ազգ, հարգում են և հաշվի նստում մեզ հետ՝ սկսած ուկրաինական քաղաքական վերնախավից»:

2009 թվականին Տիկին Գևորգյանի նախաձեռնությամբ Մշակութային կենտրոնին կից բացվում է Ուկրաինայի  «Հայ տիկնանց կոմիտեն», որի անդամները Ուկրաինայում ապրող հայ կանայք են: Աննա Գևորգյանն ասում է, որ կոմիտեի կանայք  պատրաստակամորեն մասնակցում են կազմակերպչական տարբեր աշխատանքների, հատկապես մեծ է նրանց դերը միջոցառումների ժամանակ: Տիկին Գևորգյանը հավաստում է, որ  «Հայ տիկնանց կոմիտեի» անդամներն իրենց  օգնող ուժն են ու ապահով հենարանը:

Մշակութային կենտրոնը լրատվական դաշտում նույնպես ակտիվ գործունեություն է ծավալում. հրատարակվում է «Նռնենի» ամսագիրը, որի էջերում լուսաբանվում է կենտրոնի գործունեությունը, հրապարակվում են նաև պատմական տեղեկություններ հայ ժողովրդի մասին, հայ կնոջ դերը ընտանիքում և հասարակության մեջ թեմաներով հոդվածներ և այլն: Ամսագրում հիմնականում հայալեզու նյութեր են ընդգրկված:

Մշակութային տունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին հավուր պատշաճի է պատրաստվել: Տեղի են ունեցել տարբեր ձեռնարկներ, որոնցից արժանահիշատակը 4 գրքերի հրատարակումներն են (գրքերում ամփոփված են Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները) և  Ցեղասպանության թեմայով Ուկրաինայում ապրող հայ երիտասարդ լուսանկարիչների լուսանկարների ցուցահանդեսը, որը ներկայացվել է ամբողջ Ուկրաինայում:

Վերջում Աննա Գևորգյանը խոսեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության մասին. «Նախարարության ստեղծման առաջին օրերից սերտ համագործակցության մեջ ենք եղել աշխատակազմի հետ, միշտ զգացել ենք բոլորի բարյացակամ վերաբերմունքը մեր նկատմամբ: Հաճույքով մասնակցել ենք «Արի տուն», «Իմ Հայաստան» «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին: Երեխաները հատկապես սիրով և խնդությամբ են գալիս «Արի տուն» և վերադառնալով Օդեսա՝ կրկին ցանկանում են Հայաստան այցելել»:

Գևորգ Չիչյան

Scroll Up