Հայոց ցեղասպանությանը նվիրված արաբերեն առաջին ֆիլմը կներկայացվի Նյու Յորքի կինոփառատոնում

«Ո՞վ սպանեց հայերին». Հայոց ցեղասպանության մասին արաբերեն առաջին վավերագրական ֆիլմը ներկայացվելու է Նյու Յորքի «Socially Relevant Film» կինոփառատոնում՝ խաղարկային-վավերագրական ֆիլմ անվանակարգում: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը:
«Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմը նկարահանել են բեմադրիչ Մուհամադ Հանաֆին և լրագրող, հաղորդավար Մարիամ Զաքին: Ֆիլմում ներկայացված է 100 տարի առաջ թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Ֆիլմում ներկայացվում են բազմաթիվ արխիվային նյութեր և լուսանկարներ, որոնցից շատերը հրապարակվում են առաջին անգամ և հաստատում 1915-ի Ցեղասպանության իրողությունը: Իսկ վերապրածների վկայությունները հաստատում են, որ թուրքերի կողմից իրականացված Ցեղասպանությունը նախապես ծրագրված է եղել: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում:
Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 8-ին, Կահիրեում: