«Բարեւ Հայաստան»∙ Սիրիահայ Գրիգորի աշխատանքը Երեւանին կախարդանք ու մանուկներին ժպիտներ պարգեւելն է

Եթե դուք Երեւանի փողոցներում գտնվող մեծ խանութների, մոլերի կամ մարդաշատ միջոցառումների ժամանակ տեսնեք յուրահատուկ կերպով պատրաստված փուչիկներ ու փուչիկներից տարատեսակ զարդարանքներ, ապա իմացեք, որ դրանց մեծ մասը սիրիահայ Գրիգոր Խարաջյանի պատրաստածն է: Magicpuchik. սա Գրիգորի հիմնած ընկերության անունն է:

Այստեղ տնօրենը, աշխատողն ու առաքիչը Գրիգորն է. նպատակն է ոչ միայն բարեկեցիկ կյանք ապահովել ընտանիքի անդամների համար, այլեւ կախարդանք ու հեքիաթ պարգեւել մանուկներին: Արդեն երեք տարի է` Գրիգորը Հայաստանում է: «Արմենպրես»­ի հետ զրույցում պատմում է, որ երբեք չէր մտածի, որ Հալեպում հարգված եւ բարձր վարձատրվող վարպետը մի օր կզբաղվի փուչիկների բիզնեսով:

«Դա կնոջս շնորհքն էր: Հալեպում միջոցառումների ժամանակ միշտ բարեգործական նպատակով փուչիկներ էր պատրաստում, տոն պարգեւում մանուկներին: Երբ եկանք Երեւան իմ արհեստով աշխատանք ճարելն ու առավել եւս այդ վարձատրությամբ ընտանիք պահելն անհնար էր: Խնդրեցի կնոջս, որ ինձ սովորեցնի փուչիկներ պատրաստել, դիզայն անել, գունազարդել, ու երբեմնի «հոբբին» դարձավ բիզնես»,­ պատմում է Գրիգորը: Ասում է` բիզնեսում կարեւորը ոչ միայն ներդրումն ու տաղանդն է, այլեւ մարքեթինգը: «Գրեթե բոլոր խոշոր միջացառումների ժամանակ ինձ են պատվիրում փուչիկներով զարդարանքներ պատրաստել: Իմ գաղափարախոսությունը հետեւյալն է` հաճախորդը միշտ ճիշտ է, պատվերը պետք է կատարել պարտաճանաչորեն եւ պատասխանատվությամբ: Հարգել հաճախորդին եւ արժեւորել կատարած աշխատանքը»,­ ասում է նա: Գրիգորը խոստովանում է, որ ցանկացած միջոցառումից հետո ավելի է ոգեւորվում, քանի որ մարդկանց պարգեւում է լույս ու պայծառություն, ժպիտներ ու բարձր տրամադրություն: Այս հարցում Գրիգորին օգնում են երկու փոքրիկները: «Նրանց աշխարհը, նրանց խաղերն ու երազանքները փորձում եմ ամփոփել փուչիկների մեջ»,­ ասում է նա:

Գրիգորը պատմում է, որ իր ու իր ընտանիքի համար Հայաստան գալու որոշում կայացնելն այնքան էլ դժվար չէր. վաղուց էին մտադրվել հայրենիքում հաստատվել, սակայն հանգամանքները նպաստավոր չէին: «Դեռ մանկուց մեզ սովորեցնում էին սիրել հայրենիքը, սիրել Հայաստանն ու խոսել հայերեն: Դա միայն իմ ընտանիքի պարագայում չէ: Հալեպում ցանկացած հայ ընտանիք նույն վերաբերմունքն ունի Հայաստանի հանդեպ»: Գրիգորը պատմում է, որ Երեւանում իրեն ավելի հանգիստ է զգում, չի անհանգստանում, երբ կինը միայնակ է գնում աշխատանքի կամ դուստրը փողոցում խաղում:

«Հալեպում անընդհատ անհանգստանում ես, քանի որ այնքան էլ անվտանգ չէ: Բացի այդ, տարբեր ազգություններ կան, չգիտես` ի՞նչ կարող է լինել, իսկ այստեղ քո երկիրն է, բոլորը հայ են եւ հանգիստ ես, որ չի կարող վատ բան տեղի ունենալ»:

Վերջերս Գրիգորի ընտանիքում քննարկվել է Կանադա մեկնելու հարցը: Ծնողների խոսակցությանը միջամտել է փոքրիկ դուստրն ու հայտարարել, որ չի պատրաստվում որեւէ տեղ մեկնել: «Երեխաներս սիրում են Երեւանը եւ մենք էլ մեզ ապահով ենք այստեղ: Դրականին զուգահեռ երեւանյան կենցաղում շատ բան Գրիգորի սրտով չէ: Նրան հատկապես վիրավորում է այն հանգամանքը, որ եկեղեցական հինգ Տաղավար տոներին կամ ապրիլի 24­-ին որոշ աշխատավայրեր բաց են:

«Հալեպում ապրիլի 24­ին անգամ մահմեդականներն էին իրենց խանութները փակում եւ մեզ հետ ոգեկոչում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այստեղ խանութները, սրճարաններն այդ օրն աշխատում են, երբեմն երաժշտություն միացնում: Դա մեզ համար անսովոր է, մի քիչ էլ վիրավորական»,­ ասում է նա:

Հալեպ վերադառնալու մասին Գրիգորը չի էլ մտածում: Երազում է, որ Հայաստանում իր բիզնեսն ընդլայնվի, երեխաները լավ կրթություն ստանան ու հայրենիքին պիտանի մարդիկ դառնան: Միաժամանակ Գրիգորը կարոտում է նաեւ Հալեպի կյանքը. հատկապես հարեւանությունն ու բարեկամության այն շունչը, որ կար այնտեղ: Բոլոր նրանց, ովքեր գովում են, որ Երեւանում հարեւանությունը առանձնահատուկ տեղ ու նշանակություն ունի, Գրիգորը խորհուրդ է տալիս գնալ Հալեպի հայկական թաղամաս. այնտեղ մեկ հայի ուրախությունը հարեւան բոլոր հայերի ուրախությունն է, վիշտն ու ցավը` նույնպես:

Հասմիկ Հարությունյան

Scroll Up