Ալբանիայի մայրաքաղաքում Հայաստանի պատվո հյուպատոսություն է բացվել

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին տեղեկացնում է Ալբանիայի հեռագրական գործակալությունը:
Տիրանայում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ ներկայացվել է Ալբանիայում Հայաստանի պատվո հյուպատոսը՝ Վարուժան Փիրանյանը: Բացման արարողության ժամանակ Փիրանյանը նշել է, որ պատվո հյուպատոսությունը կարևոր դեր կունենա տնտեսական, առևտրափոխանակության, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հարցում:
Նորանշանակ պատվո դեսպանը խոսել է նաև Ալբանիայում հայկական համայնքի մասին, որը թեպետ փոքրաթիվ է՝ 30-35 հայկական ընտանքի, այդուհանդերձ դրանում պահպանված են բոլոր ավանդույթներն ու լեզուն: «Նրանք Ալբանիայում գտան իրենց երկրորդ տունը և կարողացան հեշտությամբ ինտեգրվել տեղի հասարակությանը, ինչի համար միշտ շնորհակալ են եղել ու կլինեն այս երկրին», նշեց Փիրանյանը:
Ալբանիայում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը (նստավայրը՝ Աթենք, Հունաստան), շնորհավորել է Վարուժան Փիրանյանին նոր նշանակման կապակցությամբ՝ համոմզունք հայտնելով, որ վերջինս ջանք ու եռանդ չի խնայի հայալբանական հարաբերությունների ընդլայնման հարցում: