Վաշինգտոնում ավարտվել են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները
Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների փակման արարողությունը:
«Մարիոթ» հյուրանոցում ԱՄՆի Արևելյան և Արևմտյան, Կիլիկյան ու Էջմիածնի թեմերի, 100-րդ տարելիցի կենտրոնական հանձնախմբի կազմակերպությամբ տեղի է ունեցել եռօրյա միջոցառումների եզրափակիչ ճաշկերույթը, որին ներկա են եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետները, ինչպես նաև ավելի քան երկու հազար հայեր: Ճաշկերույթին ներկա են եղել նաև ամերիկացի զանազան պետական, քաղաքական գործիչներ, մտավորականներ, որոնք հանձնախմբի կողմից պարգևատրվել են Հայ դատի աշխատանքներում իրենց ցուցաբերած զորակցության համար: Պարգևները հանձնել են երկու Վեհափառ Հայրապետները:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ի առավոտյան տեղի է ունեցել պատարագ, որը մատուցել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բն: Ապա ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Արամ Ա կաթողիկոսը: