«2015 թվականը հաջող տարի էր ինձ համար».Դալիթա Ավանեսսյան

Երգչուհի Դալիթան 2015 թվականի ընթացքում աչքի ընկավ ստեղծագործական ակտիվ գործունեությամբ. փառատոնի մասնակցություն, տեսահոլովակներ, ձայնասկավառակի թողարկում: Իրադարձություններ, որոնք ավելի հանրային դարձրեցին երգչուհուն:

«Հայերն այսօրի» հետ զրույցում Դալիթան ամփոփել է «իր» 2015 թվականը.

-Դալիթա, եթե ամփոփելու լինես 2015 թվականը, ապա ինչպի՞սի տարի էր այն քեզ համար:

– 2015 թվականը  կարևոր իրադարձություններով լի տարի էր: Հագեցած աշխատանքային օրեր եմ ունեցել, որոնքտվեցին իրենց ցանկալի արդյունքները: Առանց տրտնջալու` աշխատել եմ`փորձելով իրագործել իմ առջև դրված բոլոր խնդիրները:

Ստեղծագործական ընթացքիդ մեջ ի՞նչ կարևոր ձեռքբերումներ ես գրանցել:

– Նախ մի քանի երգ եմ ձայնագրել և երկու տեսահոլովակ նկարահանել: Տեսահոլովակներից մեկը, որը կոչվում է «Հայերինն է», նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Երգի հեղինակները Անիտա Հախվերդյանը և ուսուցչուհիս` Էմմա Ասատրյանն են:

 Տեսահոլավակի միջոցով` ես նույնպես ցանկացա հոգուս պարտքը կատարել հայոց անմեղ նահատակների հիշատակի համար: Ի դեպ, տեսահոլովակը նկարահանվել է Լիբանանում՝ Սուրբ Խաչ Հարբոյան վարժարանի կողմից:

Անցնող տարվա ընթացքում հրավեր եմ ստացել մասնակցելու Իտալիայի «Վերդինոտե» 33-րդ մրցույթ-փառատոնին, որտեղ ներկայացրեցի Հայաստանը: Այնտեղ կատարեցի փառատոնի կազմակերպիչների կողմից նվիրված “L’amore non avra`fine” («Սերն անվերջ է») երգը:

Իտալիայից վերադարձա հաղթանակած` արժանանալով «Ոսկե նոտա» մրցանակի:  Երգի հեղինակ,մաեստրո Ալբերտո Ֆլավիո Ֆուլգոնիի ցանկությամբ երգն ունեցավ նաև անգլերեն և հայերեն տարբերակներ, որոնք Լոնդոնում դեռ պատրաստման փուլում են: Իսկ հայերեն տարբերակի հեղինակը կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանն է:

Կարևոր իրադարձություն էր  իմ  կողմից ներկայացրած  «Երեքը` մեկում» նախագիծը,  որն իր մեջ ներառում էր` “Welcome to Armenia” աոաջին ձայնասկավառակիս շնորհանդեսը,  «Crazy Generation» անգլերեն լեզվով երգիս տեսահոլովակի պրեմիերան, որի հեղինակներն են պրոդյուսեր Զառա Պետրոսյանը և Զարինե Մխիթարյանը, նաև կենդանի հնչողությամբ փոքրիկ համերգը` Bandi-ի ուղեկցությամբ:

-Հիշում ես` ամենահիշարժան Ամանորը ո՞րն է եղել քեզ համար:

– Չեմ կարող առանձնացնել, քանի որ յուրաքանչյուր տարի  ինձ համար հիշարժան է եղել յուրովի:  Այն միշտ լի է հետաքրքիր նվերներով և անակնկալներով: Ծնողներս ամեն բան արել են, որ Ամանորի իրական հեքիաթը զգամ:

-Իսկ ինչպե՞ս ես նշում տոնական օրերն առհասարակ:

-Ամանորը միշտ դիմավորում եմ տանը՝ ընտանիքիս հետ միասին: Այցելում եմ հարազատներիս, ընկերներիս տուն և միասին լավ ժամանակ անցկացնում: Փորձում եմ նաև մայրիկիս խոհանոցում օգնել`միասին տարբեր տոնական ուտեստներ պատրաստելով:

Դալիթա´, 2016 թվականի անելիքներդ արդեն ուրվագծե՞լ ես, նոր ծրագրերով կներկայանա՞ս հանդիսատեսին:

-2015 թվականը  հաջող տարի էր ինձ համար: Հուսով եմ` 2016-ն էլ հուսախաբ չի անի:

Անելիքները շատ են. ակնկալում եմ նոր հրավերներ, համագործակցություններ, երգեր և տեսահոլովակներ: Եկող տարում հատկապես ուշադրություն եմ դարձնելու բարձրագույն կրթություն ստանալուն, որի ուղղությամբ աշխատանքներ եմ տանում և ժրաջանորեն պարապում:

Վերջում,  օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մաղթելով աշխարհին խաղաղություն, բոլորի ընտանիքներում ջերմություն և երջանկություն, իսկ սրտերում` սեր, հավատ և բարություն:

Գևորգ Չիչյան

Dalita- Dalita-2 Dalita-3Dalita-5

 

Scroll Up