ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը՝ Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ

Հայրենիքից դուրս ապրող իմ սիրելի հայրենակիցներ. սփյուռքի համայնքների ղեկավարներ, կազմակերպությունների, կառույցների անդամներ.

Սիրով, ջերմությամբ, ազգային վառ ապրումներով շնորհավորում եմ Ձեզ՝ նոր՝ 2016 թվականի առթիվ և մաղթում հաջողություն, երջանկություն և ձեր բոլոր երազանքների իրականացում:

 Պատմություն դարձավ 2015 թվականը: 2015-ը հայոց պատմության հոլովույթում կմնա որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հազարավոր ձեռնարկների, միջոցառումներ տարի, որը համախմբեց, կազմակերպեց, միավորեց ողջ ժողովրդին՝ մեր պայքարը առաջ տանելու, Հայ դատի խնդիրները աշխարհին ներկայացնելու   համար, և աշխարհասփյուռ հայությունը 60-ից ավելի տարածաշրջանային հանձնախմբերի, կազմակերպությունների հետ միասին, Հայաստանում գործող պետական հանձնաժողովի ղեկավարությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորությամբ կարողացավ աշխարհին ապացուցել, որ, եթե հայ ժողովուրդը համախմբվում է, բռունցքվում է, ապա կարող է սարեր շուռ տալ: Առանձնակի ուզում եմ շնորհավորել տարածաշրջանային հանձնախմբերի բոլոր անդամներին, միջոցառումները կազմակերպած բոլոր կառույցների անդամներին, անհատներին, բարեգործներին՝ իրենց նվիրումի, կատարած հսկայածավալ ազգային գործունեության համար:

Մեզ համար 2015-ը լինելու է այն հիմքը, որի վրա մենք կառուցելու ենք Հայոց  ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման հետագա քայլերը: Մեր բոլորիս մեջ մնալու է այն կարևորագույն կարգախոսը, որ շարունակելու և փոխանցելու ենք մեր հետագա սերունդներին՝ «Հիշում եմ և պահանջում»: Մենք պահանջելու ենք այնքան, մինչև Հայ դատը ունենա իր վերջնական ավարտը, մինչև Թուրքիան հասկանա, որ իրավունք չունի շարունակել այն կեղծարար, հակահայկական, ժխտողական քաղաքականությունը, որն այսօր իրականացնում է:

Հավատում եմ, որ 2016-ին մենք ավելի կազմակերպված, ավելի ոգևորված, ավելի ուժ առած ենք աշխատելու համազգային խնդիրներն առաջ տանելու համար:

 Հավատում եմ, որ աշխարհի բոլոր ծայրերում ապրող մեր հայրենակիցներն ուզում են  Հայաստանը բարգավաճ և զորեղ տեսնել, իսկ Հայաստանը համայն հայությանն է, հետևաբար, բոլորս մեր  քարը պետք է դնենք Հայաստանի ուժեղացմանն ու հզորացմանը:

 Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ուզենա 2016-ին Լեռնային Ղարաբաղը տեսնել անվտանգ ու պաշտպանված և վստահ եմ նաև, որ մեզանից ամեն մեկն իր ներդրումն է ունենալու Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ և վերջնական կարգավորման հարցում:

 Չեմ կասկածում, որ մեզանից ամեն մեկը հոգ է տանում, մտածում է Սիրիայում ապրող մեր հայրենակիցների մասին, մարդիկ, ովքեր այսօր ռումբերի պայթյունի տակ փորձում են պահել հայ գենը, հայ կյանքը, հայ դպրոցներն ու եկեղեցին: Ուզում եմ, որ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները համախմբվեն և հասկանան, որ Հայոց պետության հետ միասին մենք պետք է օգնենք սիրիահայերին Հայաստանում և սիրիահայերին՝ Սիրիայում:

Գիտեմ, որ համայն հայ ժողովուրդը, սփյուռքում ապրող իմ յուրաքանչյուր հայրենակիցը հոգով, մտքով, սրտով հայրենիքում է, Հայաստանում է, և այնտեղից սպասում է միայն լավ, բարի լուրեր ու լավ գործեր:

 Սիրելի՛ հայրենակիցներ, մենք միասին, համախմբված կարող ենք 2016-ը դարձնել մե՛ր տարին, Հայո՛ց տարին, որովհետև 2016-ին մենք տոնելու ենք երկու հայկական հանրապետությունների 25-ամյակը, և այդ փառավոր հոբելյանին մենք պետք է գնանք նոր գործերով ու նախաձեռնություններով, առավել համախմբված և փորձենք հայի, հայության անունն ու պատիվը բարձր պահել Հայաստանում և ամբողջ աշխարհում:

 Շնորհավո՛ր ձեր տոնը, իմ սիրելի՛ քույրեր, եղբայրներ, իմ սիրելի՛ տատիկ-պապիկներ, իմ շատ սիրելի մանուկներ: Ուզում եմ, որ կատարվեն ձեր բոլոր երազանքները, որ դուք ամենուր ձեզ հպարտ հայ զգաք՝ աշխարհի որ ծայրում էլ որ ապրելիս լինեք: Ուզում եմ, որ մեր երիտասարդները ծատ սովորեն, գրագետ,  մրցունակ  լինեն և ամենուր նրանց մասին խոսեն և շեշտեն՝ տեսե՛ք նա հայ է: Ես սիրում եմ ձե՛զ, ես հպարտ եմ ձեզնո՛վ, իմ սիրելի՛ հայրենակիցներ և ուզում եմ առաջին հերթին մաղթել խաղաղություն, խաղաղություն՝ ամենեցուն, քանզի, եթե մեր տարածաշրջանը, հայրենիքը խաղաղ լինի, ապա կկարողանանք ավելի մեծ, կարևոր, անհրաժեշտ գործեր անել՝ հանուն հայ ժողովրդի, հանուն մեր երկրի ապագայի:

 «Ու Նոր տարին խանձարուրից աչքը բացել,

Ուրախություն, ուրախություն, ուրախություն է խոստացել»:

 Թո՛ղ ուրախությամբ լցվեն Ձեր բոլորի սրտերն ու օջախները, սիրելի՛ հայրենակիցներ:

 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Scroll Up