ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանոյշ Յակոբեանի Շնորհաւորական Խօսքը` Ամանորի Եւ Սուրբ Ծնունդի Առթիւ

Հայրենիքից դուրս ապրող իմ սիրելի հայրենակիցներ. սփիւռքի համայնքների ղեկավարներ, կազմակերպութիւնների, կառոյցների անդամներ.

Սիրով, ջերմութեամբ, ազգային վառ ապրումներով շնորհաւորում եմ Ձեզ` նոր` 2016 թուականի առթիւ եւ մաղթում յաջողութիւն, երջանկութիւն եւ ձեր բոլոր երազանքների իրականացում:

Պատմութիւն դարձաւ 2015 թուականը: 2015-ը հայոց պատմութեան հոլովոյթում կը մնայ որպէս Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հազարաւոր ձեռնարկների, միջոցառումներ տարի, որը համախմբեց, կազմակերպեց, միաւորեց ողջ ժողովրդին` մեր պայքարը առաջ տանելու, Հայ դատի խնդիրները աշխարհին ներկայացնելու   համար, եւ աշխարհասփիւռ հայութիւնը 60-ից աւելի տարածաշրջանային յանձնախմբերի, կազմակերպութիւնների հետ միասին, Հայաստանում գործող պետական յանձնաժողովի ղեկավարութեամբ, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի գլխաւորութեամբ կարողացաւ աշխարհին ապացուցել, որ, եթէ հայ ժողովուրդը համախմբւում է, բռունցքւում է, ապա կարող է սարեր շուռ տալ: Առանձնակի ուզում եմ շնորհաւորել տարածաշրջանային յանձնախմբերի բոլոր անդամներին, միջոցառումները կազմակերպած բոլոր կառոյցների անդամներին, անհատներին, բարեգործներին` իրենց նուիրումի, կատարած հսկայածաւալ ազգային գործունէութեան համար:

Մեզ համար 2015-ը լինելու է այն հիմքը, որի վրայ մենք կառուցելու ենք Հայոց  ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման յետագայ քայլերը: Մեր բոլորիս մէջ մնալու է այն կարեւորագոյն կարգախօսը, որ շարունակելու եւ փոխանցելու ենք մեր յետագայ սերունդներին` «Յիշում եմ եւ պահանջում»: Մենք պահանջելու ենք այնքան, մինչեւ Հայ դատը ունենայ իր վերջնական աւարտը, մինչեւ Թուրքիան հասկանայ, որ իրաւունք չունի շարունակել այն կեղծարար, հակահայկական, ժխտողական քաղաքականութիւնը, որն այսօր իրականացնում է:

Հաւատում եմ, որ 2016-ին մենք աւելի կազմակերպուած, աւելի ոգեւորուած, աւելի ուժ առած ենք աշխատելու համազգային խնդիրներն առաջ տանելու համար:

 Հաւատում եմ, որ աշխարհի բոլոր ծայրերում ապրող մեր հայրենակիցներն ուզում են  Հայաստանը բարգաւաճ եւ զօրեղ տեսնել, իսկ Հայաստանը համայն հայութեանն է, հետեւաբար, բոլորս մեր  քարը պէտք է դնենք Հայաստանի ուժեղացմանն ու հզօրացմանը:

Վստահ եմ, որ մեզանից իւրաքանչիւրը պէտք է ուզենայ 2016-ին Լեռնային Ղարաբաղը տեսնել անվտանգ ու պաշտպանուած եւ վստահ եմ նաեւ, որ մեզանից ամէն մէկն իր ներդրումն է ունենալու Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ եւ վերջնական կարգաւորման հարցում:

Չեմ կասկածում, որ մեզանից ամէն մէկը հոգ է տանում, մտածում է Սիրիայում ապրող մեր հայրենակիցների մասին, մարդիկ, ովքեր այսօր ռումբերի պայթիւնի տակ փորձում են պահել հայ գենը, հայ կեանքը, հայ դպրոցներն ու եկեղեցին: Ուզում եմ, որ սփիւռքում ապրող մեր հայրենակիցները համախմբուեն եւ հասկանան, որ Հայոց պետութեան հետ միասին մենք պէտք է օգնենք սիրիահայերին Հայաստանում եւ սիրիահայերին` Սիրիայում:

Գիտեմ, որ համայն հայ ժողովուրդը, սփիւռքում ապրող իմ իւրաքանչիւր հայրենակիցը հոգով, մտքով, սրտով հայրենիքում է, Հայաստանում է, եւ այնտեղից սպասում է միայն լաւ, բարի լուրեր ու լաւ գործեր:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք միասին, համախմբուած կարող ենք 2016-ը դարձնել մե՛ր տարին, Հայո՛ց տարին, որովհետեւ 2016-ին մենք տօնելու ենք երկու հայկական հանրապետութիւնների 25-ամեակը, եւ այդ փառաւոր յոբելեանին մենք պէտք է գնանք նոր գործերով ու նախաձեռնութիւններով, առաւել համախմբուած եւ փորձենք հայի, հայութեան անունն ու պատիւը բարձր պահել Հայաստանում եւ ամբողջ աշխարհում:

Շնորհաւո՛ր ձեր տօնը, իմ սիրելի՛ քոյրեր, եղբայրներ, իմ սիրելի՛ տատիկ-պապիկներ, իմ շատ սիրելի մանուկներ: Ուզում եմ, որ կատարուեն ձեր բոլոր երազանքները, որ դուք ամէնուր ձեզ հպարտ հայ զգաք` աշխարհի որ ծայրում էլ որ ապրելիս լինէք: Ուզում եմ, որ մեր երիտասարդները շատ սովորեն, գրագէտ,  մրցունակ  լինեն եւ ամէնուր նրանց մասին խօսէն եւ շեշտեն` տեսէ՛ք նա հայ է: Ես սիրում եմ ձե՛զ, ես հպարտ եմ ձեզնո՛վ, իմ սիրելի՛ հայրենակիցներ եւ ուզում եմ առաջին հերթին մաղթել խաղաղութիւն, խաղաղութիւն` ամէնեցուն, քանզի, եթէ մեր տարածաշրջանը, հայրենիքը խաղաղ լինի, ապա կը կարողանանք աւելի մեծ, կարեւոր, անհրաժեշտ գործեր անել` յանուն հայ ժողովրդի, յանուն մեր երկրի ապագայի:

«Ու Նոր տարին խանձարուրից աչքը բացել,

Ուրախութիւն, ուրախութիւն, ուրախութիւն է խոստացել»:

Թո՛ղ ուրախութեամբ լցուեն Ձեր բոլորի սրտերն ու օճախները, սիրելի՛ հայրենակիցներ:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Scroll Up