«Հայկական ցեղասպանություն. 100 տարվա լռություն». գրքի շնորհանդես Իտալիայի Պիաչենցա քաղաքում

Նոյեմբերի 17-ին Իտալիայի Պիաչենցա քաղաքում կայացավ «Հայկական ցեղասպանություն. 100 տարվա լռություն» (“The Armenian Genocide: 100 years of silence”) գրքի շնորհանդեսը: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` միջոցառմանը ներկա էր նաև Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

Ալեսսանդրո Արամուի, Աննա Մացցոնեի ու Ջիան Միկալեսսինի հեղինակությամբ այս տարի լույս տեսած այդ գիրքը հրապարակվել է Իտալիայում Հայաստանի դեսպանության և «Ասսադակա» Իտալա-արաբական և Միջերկրածովյան կենտրոնի համատեղ ջանքերի արդյունքում:

Շնորհանդեսն Իտալիայում Հայաստանի դեսպանության հովոնավորությամբ կազմակերպել էր Պիաչենցայի բանկը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հայ ժողովրդին իրենց համերաշխությունը հայտնեցին Պիաչենցայի քաղաքապետ Պաոլո Դոզին և եպիսկոպոս Մոնսինյոր Ջիաննի Ամբրոզիոն:

Գիրքը ներկայացրեցին և Հայոց ցեղասպանության մասին բանախոսեցին Իտալիայի ժողովրդական բանկերի ասոցիացիայի նախագահ Կոռադո Սֆորցա Ֆոլիանին, արվեստաբան, պրոֆեսոր Կարլո Ջիարելլին, պատգամավոր Ջանլուկա Պինին: Բանախոսներն անդրադարձան նաև վարդապետ Դոն Ջիամպիերո Էզոպիի կողմից կազմակերպած իտալացիների խմբի Հայաստան այցելության մասին “Il Piacenza” թերթի հրապարակած Կարլո Ջիարելլիի հեղինակած հոդվածաշարին և տարվա ընթացքում Պիաչենցայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ անցկացված այլ միջոցառումների:

Միջոցառումը եզրափակվեց Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի ելույթով: Նա գոհունակություն հայտնեց, որ Հայոց ցեղասպանության և ընդհանրապես ցեղասպանությունների թեման այլևս մտահոգում է ոչ միայն Իտալիայի մտավորականությանն ու ակադեմիական շրջանակներին, այլև քաղաքացիական հասարակությանն ու հանրության լայն շերտերին՝ հատկապես Միջին Արևելքի ներկայիս իրավիճակի և այսպես կոչված Իսլամական պետության կողմից աշխարհի տարբեր վայրերում, օրերս նաև Փարիզում, իրականացվող ահաբեկչական գործողությունների համատեքստում: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդի մասին, նա ընդգծեց, որ այն իր մեջ պարունակում է պայքար մարդկության դեմ ոճիրների մասին հիշողության պահպանման համար, ինչպես նաև պայքար դրանց ժխտողականության դեմ և նոր ցեղասպանությունների կանխարգելման:

Scroll Up