Ապագայի Նոր Տեսլականը

Սիրելի՛ ընթերցող, հարգարժա՛ն հայրենակից,
Որոշեցի գրիչ վերցնել և խոսել քեզ հետ Հայաստանում տեղի ունեցող իրավաքաղաքական գործընթացների մասին. գիտեմ, որ օրվա ծանրաբեռ աշխատանքից, ուսումից հետո, միևնույն է, չես զլանում լուրեր ստանալ Հայրենիքից:
Գիտեմ, որ ամեն մի լավ փոփոխություն ու առաջընթաց ուրախացնում է, իսկ մտահոգիչ և անհաճո երևույթ տխրեցնում: Գիտեմ նաև, որ քեզ համար գլխավորը Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերն են և դու խիստ անհանգստացնում ես, երբ տեղեկանում ես հակառակորդի կողմից փխրուն կայունությունը անընդհատ խախտելու դեպքերի մասին:
Չեմ կասկածում, որ հոգու խորքում միշտ էլ հպարտ ես զգում, որ հայ ես ծնվել, որ հայկական գեները քեզ շատ բան են տվել: Միաժամանակ, ոչ միայն դու, այլև աշխարհի ցանկացած երկրում ապրող մեր հայրենակիցները մտածում են ավելի հզոր ու պաշտպանված Հայրենիք, մարդու իրավունքներն ու ազատությունները առավել ճանաչող և երաշխավորող, ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունն անվերապահ ապահովող պետություն ունենալու մասին:
Իհարկե, նաև գիտես, որ ընդամենը 24 տարեկան է մեր պետությունը, որի կայացման առաջին տարիներն անցան Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման, Ղարաբաղյան պարտադրված պատերազմը հաղթելու, էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու և նոր, ազատ ու անկախ պետության հիմքերը կառուցելու գործընթացներում։
Բարդ ու դժվար էր պետական շինարարությունը, իշխանության ճյուղերի կազմավորումը, նրանց գործառույթների ճշգրտումը և պետական իշխանության մարմինների միջև որոշակի հավասարակշռության ապահովումը: Առաջին խորհրդարանը, որ կոչվում էր Գերագույն խորհուրդ, իրավամբ կարևոր դերակատարություն ունեցավ խիստ անհրաժեշտ օրենքների ընդունման, Նախագահի ինստիտուտի ստեղծման, գերագույն իշխանությունը հնարավորինս խորհրդարանի, կառավարության և դատական իշխանության միջև բաժանելու գործում: Սակայն, իրավական պետության կայացման գլխավոր բանալին Սահմանադրության գոյությունն է, որը, լինելով երկրի հիմնական օրենքը, ոչ միայն կանոնակարգում է մարդու և պետության համար կարևոր ու անհրաժեշտ փոխհարաբերությունները, սահմանում հասարակության և պետության կենսագործունեության հիմնական սկզբունքները, այլև որոշում պետական իշխանության կառուցվածքը, պետական մարմինների համակարգը:
Ժողովրդավարության ճանապարհով առաջին քայլերն անող, միաժամանակ, պատերազմական իրավիճակի, շրջափակման մեջ հայտնված երկիրը 1995 թվականին ընդունեց անկախ Հայաստանի Սահմանադրությունը: Իհարկե, այն չէր կարող լինել կատարյալ՝ 200 և ավելի տարիների ժողովրդավարություն ունեցող երկրների սահմանադրությունների համեմատ: Այնուամենայնիվ, ՀՀ Սահմանադրությունը սկսեց գործել՝ սահմանելով պետական իշխանության մարմինների գործառույթներն ու իրավասությունները, նրանց հավասարակշռության, հակակշիռների ու զսպումների ոչ ամբողջական համակարգը, որի թերությունները ժամանակի ընթացքում իրենց զգացնել տվեցին:
Նախագահին վերապահվեցին մեծ լիազորություններ, ինչի արդյունքում նա կարող էր ցանկացած պահի աշխատանքից ազատել Վարչապետին, ընդունել կառավարության հրաժարականը կամ արձակել ժողովրդի կողմից ընտրված՝ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը և այլն:
Սակայն մեր նպատակը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության վերջնական կառուցումն է և միջազգային հանրությանը սահուն ինտեգրումը: Մեր զարգացման առաջնահերթությունները հաշվի առնելով՝ մենք քայլ առ քայլ դարձանք մի շարք միջազգային կառույցների անդամ: Որդեգրեցինք ժողովրդավարության, մարդու՝ որպես բարձրագույն արժեք ճանաչելու, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության, շուկայական տնտեսության անցման սկզբունքները՝ անդամագրվելով Եվրախորհրդին՝ ընդունելով և վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիան և այլն:
Եվրախորհրդում ստանձնեցինք պատասխանատվություն՝ մեր օրենքները, այդ թվում՝ հիմնական օրենքը համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին: Նախագահական կառավարման համակարգից կիսախորհրդարանական կառավարմանն անցում կատարելու նպատակով 2003 թվականին մշակվեց սահմանադրական բարեփոխումների նախագիծ, որը, սակայն, հանրաքվեի արդյունքներով չընդունվեց:
ՀՀ Սահմանադրության շուրջ 10 տարվա գործողության ընթացքում ի հայտ եկան մեր օրենսդրության բացերը, սխալները, կառավարման համակարգի խիստ անձնակենտրոն բնույթը, պետական իշխանության մարմինների միջև լիազորությունների անհամաչափ բաշխումը։ Այդ ամենը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորվածությունները հիմք հանդիսացան նոր սահմանադրական բարեփոխումների համար:
Սիրելի ընթերցող,
2005 թվականին բարեփոխված Սահմանադրությունը, անշուշտ, մի քայլ առաջ էր, քանի որ ընդլայնվեցին մարդու իրավունքների և ազատությունների շրջանակը, ՀՀ կառավարության, վարչապետի լիազորությունները, ավելացան խորհրդարանի վերահսկողական գործառույթները: Սակայն, հետագա զարգացումները ցույց տվեցին, որ կառավարման այս մոդելը ևս իր մեջ կրում է վտանգավոր <ականներ>, հարուցում է լուրջ խնդիրներ: Այսպես, նախագահական բոլոր ընտրությունների դեպքում էլ (բացառությամբ 1991 թվականի) հասարակությունը պառակտվեց, լուրջ առճակատում առաջացավ հաղթող և պարտվող թիմերի միջև: Ընդամենը 2-3% տարբերությամբ նախագահական ընտրություններում հաղթողը ձեռք է բերում մեծ լիազորություններ, իսկ պարտվողն իր հսկայական ընտրազանգվածով մնում է ձեռնունայն:Հասրակությունը ճեղքվում է երկու հատվածի և բավականին բարդ և երկար է տևում նրա բնականոն հունի մեջ դնելու գործընթացը:
Ժողովրդավարության ոսկե կանոններից է ընտրված և ձևավորված իշխանությունների, պաշտոնատար անձանց նկատմամբ վերահսկողության սահմանումը: Սակայն ներկա Սահմանադրությամբ հնարավոր է այն շրջանցել: Բերեմ մի օրինակ. այսօրվա գործող Սահմանադրության պայմաններում Նախագահի ինստիտուտը կարող է անվերահսկելի է դառնալ։ Միակ դեպքը, որ հնարավոր է Նախագահին պաշտոնանկ անել, Հայրենիքի դավաճանության կամ այլ ծանր հանցագործության կատարման համար, որը գործնականորեն գրեթե անհնար է, քանզի չի գտնվի նման Նախագահ, որը պետական դավաճանություն գործի։ Իսկ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում Նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից, նրա հիմնական լիազորությունները տրվում են վարչապետին, որը երկրում դառնում է գլխավոր դերակատարություն ունեցող պաշտոնատար անձ: Սակայն ի տարբերություն այս կառավարման ձևի, առաջարկվող նոր կառավարման համակարգի դեպքում նա անվերահսկելի չէ և անմիջական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև։ Այս բարեփոխումների ընդունման դեպքում ցանկացած ձախողում դառնալու է խորհրդարանում քննարկման առարկա և կարող է դրվել վարչապետին, կառավարությանը, նախարարին անվստահություն հայտնելու հարցը։ Այսպիսով, կառավարման այս մոդելի դեպքում հնարավորություն է ընձեռվում բացառելու անվերահսկելիությունը, անպատժելիությունը, քաղաքական ու սահմանադրական անպատասխանատվությունը:
Ուզում եմ խոսել ևս մեկ հնարավոր հակասության մասին, որը կարող է հանգեցնել սահմանադրական ճգնաժամի: Գործող կառավարման համակարգում, եթե խորհրդարանը և Նախագահը միևնույն թիմից են, ապա բնականաբար հակասություն չի առաջանում այս երկու ինստիտուտների միջև։ Հնարավոր է, սակայն, մի իրավիճակ, որ Հանրապետության Նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը լինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և միմյանց հակոտնյա: Այս դեպքում չի բացառվում, որ երկրում կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ խորհրդարանը, այդ թվում և նրա կողմից կազմավորված կառավարությունը, որոշեն չապահովել Նախագահի սահմանադրական լիազորությունները. օրինակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար Նախագահը պահանջում է մոբիլիզացնել պետական ռեսուրսները երկրի պաշտպանության համար, իսկ կառավարությունն այդ պահին նպատակահարմար չի գտնում այդ հարցը լուծել Նախագահի հանձնարարության համապատասխան և արդյունքում՝ պետության մեջ կարող է առաջանալ մի անլուծելի, անելանելի իրավիճակ և նման դեպքում նույնիսկ երկրի պաշտպանության հարցերին վտանգ կսպառնա: Ակնհայտ է նաև, որ հակադիր բևեռներում գտնվելով՝ Նախագահը չի կարող ազատել վարչապետին /վարչապետը նշանակվում է խորհրդարանական մեծամասնության կողմից վստահություն վայելող անձը/, չի կարող արձակել խորհրդարանը, իսկ խորհրդարանն էլ չի կարող անվստահություն հայտնել Նախագահին, քանի որ նա ընտրված է ժողովրդի կողմից և այլն։ Նման ճգնաժամային վիճակների թվարկումը կարելի է շարունակել:
Ներկա բարեփոխումները հաշվի են առել նմանատիպ բոլոր դեպքերը, փակուղային իրավիճակների բերող նորմերը և առաջադրվել են նոր կառուցակարգեր, և եթե անցում կատարվի խորհրդարանական կառավարման համակարգի, ապա այսպիսի հակասությունները կբացառվեն:
Ուզում եմ տեղեկացնել, որ 2013 թվականից սկսած Սահմանադրական հանձնաժողովն ուսումնասիրել է հրապարակի վրա եղած առաջարկները, միջազգային փորձը, քննարկել տարբերակներ, խորհրդակցել միջազգային իրավունքի լավագույն գիտակների հետ, Եվրախորհրդին կից գործող «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ և առաջադրել առավել ամփոփ, առավել կատարյալ ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագիծ։ Վերջինս հարստացել է հարյուրից ավելի հոդվածներով, որոնց գերակշռող մասը վերաբերում է մարդու իրավունքներին և ազատություններին, կառավարման համակարգի փոփոխությանը, դատական իշխանության ձևավորման կարգին և անկախությանը, տարածքային և տեղական իշխանությունների խնդիրներին։
Ի վերջո, եթե այս փոփոխություններին «այո» է ասում ժողովուրդը, դա նշանակում է, որ ապագայում նա ընտրելու է միայն իշխանության օրենսդիր մարմին՝ խորհրդարան, այն էլ համամասնական ընտրակարգով և լայն խորհրդարանական վերահսկողական լիազորություններով: Խորհրդարանը, ընտրելով վարչապետին և երկրի նախագահին, կառավարության վրա է դնում երկրի արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերի լուծման պատասխանատվությունը, ինչն էլ հանգեցնում է երկբևեռության վերացմանը (գործող Սահմանադրությունում և Նախագահը և կառավարությունն են պատասխանատվություն կրում):
Նախագիծը նախատեսում է խորհրդարանի և կառավարության միջև այնպիսի կառուցակարգեր, որոնք չեն հանգեցնի առճակատման, հակամարտության: Անբավարար աշխատանքի դեպքում, ժողովրդի դժգոհությունների ականջալուր խորհրդարանը, կարող է անվստահություն հայտնել կառավարությանը, ազատվել ցանկացած անկարող և ժողովրդի կողմից չընդունվող վարչապետից, հետևաբար և կառավարությունից։
Այս փաստաթղթի կարևոր առավելություններից և ժողովրդավարության խորացմանը նպաստող էական մոտեցումներից մեկն էլ այն է, որ խորհրդարանական ընդդիմությանը վերապահվում են լայն իրավունքներ, տրվում է խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնը, առանցքային շատ որոշումներ խորհրդարանական մեծամասնությունը ի վիճակի չի լինի կայացնել, եթե չհամագործակցի ընդդիմության հետ և այլն:
Մեկ այլ կարևոր հանգամանք. երկրում ներքին կայունության հաստատման, քաղաքական առճակատումներից խուսափելու լավագույն լուծումներից է, երբ խորհրդարանն է ընտրում Հանրապետության Նախագահին: Նախագահը պետք է լինի անկուսակցական և իրականացնի անաչառ իրավարարի՝ արբիտրի դեր կառավարության և խորհրդարանի միջև՝ հետևելով երկրում Սահմանադրության պահպանմանը:
Սիրելի՛ հայրենակից,
կուզեի նաև տեղեկացնել, որ սահմանադրական փոփոխություններում սփյուռքին վերաբերող հոդվածը լրամշակվել է և ամրագրվել, որ Հայաստանը Սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի ցարգացման և ամրապնդման, հայապահպանմանն ուղղված քաղաքականություն՝ նպաստելով հարենադարձությանը: Այս հոդվածում որդեգրվել է նաև պետության մի կարևոր պարտականություն՝ նպաստելու այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, ինչպես նաև հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը
Ժողովրդավարացման կարևոր սկզբունքներ որդեգրելով՝ մենք ձգտում ենք զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, լայնացնել և խորացնել ժողովրդաիշխանությունը՝ ուժեղ և պաշտպանված Հայաստան կառուցելու համար։
Ա՛յն Հայաստանը, որին ձգտում է ողջ հայ ժողովուրդը, այդ թվում նաև դուք՝ սիրելի՛ սփյուռքահայեր, ա՛յն Հայաստանը, որ համայն հայության Հայրենիքն է։
Սպասենք և հուսանք, որ ժողովուրդը ճիշտ կկողմնորոշվի և ապագային միտված սահմանադրական բարեփոխումները կընդունի ու կյանքի կկոչի, սահմանադրական շինարարությունը կտա սպասված արդյունքները, և բարեփոխված Սահմանադրությունը կդառնա գործող իրողություն:
ՀՀ սփյուռքի նախարար՝
Հրանուշ Հակոբյան