«Արևմտահայերենը մեր ազգային արժեքն է, և այն պահելը Հայոց պետության գլխավոր խնդիրներից մեկն է». Հրանուշ Հակոբյան
Նոյեմբերի 18-ին ԵՊՀ-ում մեկնարկել է «Արդի հայերենի հիմնախնդիրներ» խորագրով երկօրյա գիտաժողովը, որի կազմակերպիչներն են Համազգային հայ կրթական մշակութային միությունը և Երևանի պետական համալսարանը:
Գիտաժողովին ելույթ է ունեցել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով մասնավորապես ասել է.
«Ողջունելի է Մայր բուհում համահայկական այս ձեռնարկի կազմակերպումը, այն էլ՝ Մայրենիին նվիրված: Ուրախ եմ նաև, որ վերջին շրջանում մեր գիտնականները, մասնագետները և լեզվաբանները բավականին լուրջ ուշադրություն են դարձնում այս խնդրին: Ընդամենը մի քանի ամիս առաջ Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպեցինք «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրները» խորագրով համաժողովը: Կարող եմ ասել, որ համաժողովից հետո առանձնակի աշխուժություն և տեղաշարժեր են նկատվում Սփյուռք-Հայրենիք կապերում, հատկապես՝ հայոց լեզվի, հայ գրականության խնդիրների ուսումնասիրման, զարգացման առումով: Մենք ստեղծել ենք աշխատանքային խմբեր և փորձում ենք գիտական հետազոտությունների միջոցով ստեղծել համապատասխան դասագրքեր, նյութեր, գիտական հետազոտություններ, որպեսզի կարողանանք պահել, պահպանել մեր Ոսկեղենիկը:
Ակնհայտ է, որ Մայրենիի կորուստը հայ ինքնության կորուստն է: Ակնհայտ է նաև, որ լեզվամտածողության կորուստը ազգի հոգեկերտվածքի կորուստն է, ուծացման ամենակարճ ուղին: Ակնհայտ է նաև, որ 100 տարի առաջ եղեռնահարվեց ո´չ միայն ազգը, այլ նաև՝ Մայրենին: Մայրենին կտրվեց իր բնականոն զարգացման օրրանից և բեկորված, կտոր-կտոր եղած դարձավ աշխարհասփյուռ:
Արևելահայերենը կարողացավ ունենալ իր զարգացման բնականոն ընթացքը, քանի որ պետության գոյության պայմաններում ստեղծվեց լեզվական դպրոց, ստեղծվեցին դասագրքեր, մատուցման ձևեր, և արևելահայերենի վտանգվածությունը բացառվեց, սակայն արևմտահայերենը մնաց անհատների, կառույցների, կազմակերպությունների հոգածության առարկան, և աշխարհի տարբեր ծայրերում այն տարբեր դրսևորումներ ստացավ:
Սակայն Սփյուռքի բազմատարրությամբ, տարբեր կառույցների, կազմակերպությունների կողմից կրթական հաստատությունների ստեղծմամբ, հովանավորությամբ, հետևաբար նաև ուսումնակրթական և հայեցի դաստիարակության բազմազան մոտեցումներով ու պահանջներով պայմանավորված լեզվական խնդիրները գնալով ավելի են բարդացել:
Ցավով պետք է նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արևմտահայերենը դասել է առանձնապես վտանգված լեզուների շարքին: Եվ մենք, սիրելի´ մասնագետներ, սիրելի´ հայագետներ, սիրելի´ լեզվաբաններ, կոչնակ պետք է հնչեցնենք, որ արևմտահայերենը մեր ազգային արժեքն է, և այն պահելը, պահպանելը ևս Հայոց պետության գլխավոր խնդիրներից մեկն է:
Արևմտահայերենի պահպանմանն ու զարգացմանը խանգարում են հետևյալ գործոնները՝
– արևմտահայերենի վարչական կիրառությունն ավելի շատ ունի խորհրդանշական բնույթ, քանի որ Սփյուռքի հաստատություններն իրենց գործառնությունների համար հաճախ դիմում են երկլեզվությանը,
– համայնքներում արևմտահայերեն նյութերի ընթերցողների քանակը նվազում է,
– երիտասարդ սերունդը կրոնական ծիսակարգերում աշխարհաբար արևմտահայ լեզուն դիտում է նույն տեսանկյունից, ինչ գրաբարը, որն օգտագործվում է պատարագ մատուցելու, բայց ոչ կրթական կամ գործնական նպատակներով,
– պակասում է հայկական դպրոց հաճախող աշակերտների թիվը,
– փակվում են հայկական դպրոցները,
– ծերանում են մայրենիի ուսուցիչները, փոխարինողների քանակը բավարար չէ,
– չկան լեզվի ուսուցման անհրաժեշտ գրքեր, մեթոդական ձեռնարկներ,
– Սփյուռքի համար Հայաստանը դեռ չի դարձել հայերենի ուսուցման կենտրոն,
– ավելանում են խառնամուսնությունները,
– պակասում է հայերեն խոսող երիտասարդների թիվը,
– տանը, հայկական միջոցառումների ժամանակ հայերեն գրեթե չեն խոսում,
– ժողովրդագրական տեղաշարժերի հետևանքով ոչ միայն Սփյուռքն է դառնում բազմաշերտ, այլև բարդ խճանկար է ստեղծվում զուտ լեզվական տեսակետից. օտար լեզուներից փոխառնչությունները խաթարում են լեզվական միասնութունը,
-ներքին համայնքային առումով կան հավելյալ ազդակներ, որոնք նպաստում են ներկա սերնդի լեզվի և մտածելակերպի փոփոխությանը` ի վնաս հայապահպանության` Հայրենիքի մասին ժխտական կեցվածքի դրսևորում, հայերենի և հայ մշակույթի ստորակարգում և այլն,
-բազմամշակութային միջավայրի, սոցիալական և հոգեբանական ամենատարբեր ազդեցություններ:
Ես շատ ուրախ եմ, որ այսօր հրապարակի վրա են սահմանադրական բարեփոխումները, որտեղ երեք անգամ է անդրադարձ կատարվում հայոց լեզվին: Գործող Սահմանադրության մեջ միայն մեկ անգամ է նշվում, որ հայերենը պետական լեզու է: Սակայն այսօր, արդեն այս նոր փաստաթղթում՝ և´ 16, և´19-րդ հոդվածներում (որոնք վերաբերում են գիտությանը, կրթությանը, մշակույթին), խոսվում է, որ պետությունը պարտավոր է պահել, պահպանել և զարգացնել հայերենը՝ որպես պետական լեզու: Սփյուռքի բաժնում ևս ակնհայտորեն մեծ տեղ է հատկացվում լեզվին՝ նշելով, որ պետությունն ամեն ինչ պետք է անի Հայրենիքից դուրս հայերենը պահելու և պահպանելու համար:
ՀՀ սփյուռքի նախարարությունն արդեն իսկ ձեռնարկել և իրագործում է մի շարք ծրագրեր, որոնցից կարելի է թվարկել հետևյալները.
Նախարարությունը, կարևորելով լեզվի պահպանության հարցերը, շարունակաբար գերակա խնդիր է դարձրել «Հայոց լեզվի տարածումն ու հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացումը»:
Նախարարության կողմից տարիներ շարունակ իրականացվող բազում ծրագրեր միտված են նպաստելու Սփյուռքում լեզվապահպանությանը և ազգապահպանությանը: Այդպիսիք են «Սփյուռք ամառային դպրոց», «Արի տուն», «Էլեկտրոնային գրադարան», «Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը փոխարկիչ», «ԱՊՀ երկրների հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցություն», «Հայոց լեզվի ուսուցման հեռուստադպրոց», «Ուսուցիչների գործուղում հեռավոր տարածաշրջաններ», «Արևմտահայերենին վերաբերող գիտական հետազոտությունների խրախուսում» և այլ ծրագրեր:
Հետևաբար, սա մեր խնդիրն է, սիրելի´ գիտնականներ. սա Սփյուռքի խնդիրը չէ միայն, որովհետև Սփյուռք ասվածը հավաքական պետություն չէ, դա բաժան-բաժան կառույցներ, կազմակերպություններ ու անհատներ են: Հետևաբար, մենք պետք է թողնենք այն մտայնությունը, որ միայն լեզվի մեկ ճյուղի մասին պետք է մտահոգվենք, մեկ ճյուղը միայն զարգացնենք: Մեր խնդիրը պետք է լինի հայերենը՝ իր երկու ճյուղերով, ամբողջության մեջ պահելու և պահպանելու խնդիրը:
Այսօր, կարծում եմ, մենք ունենք 2 հարց. առաջինը՝ արևելահայերենի անաղարտության, մաքրության և կանոնակարգման խնդիրն է, իսկ դա նշանակում է բարձրագույն խորհրդի ստեղծում, ինչի մասին մի քանի անգամ արդեն հնչեցվել է, և ես շատ կուզենայի, որ այստեղ ևս մեր գիտական հանրությունը մեկ անգամ էլ անդրադառնար այս խնդրին: Երկրորդ հարցը լեզվի երկու ճյուղերի մերձեցման հարցն է: Մենք, կարծում եմ, պիտի հասկանանք, որ չենք կարող ուրիշից պահանջել պահպանելու մեր լեզուն, հետևաբար, եկե´ք դառնանք պահանջատեր հայերենի նկատմամբ:
Եկե´ք բոլորիս համար պարտադիր դարձնենք այն մտայնությունը, ըստ որի՝
1. Մենք պարտավոր ենք պահպանել հայոց լեզուն՝ իր երկու ճյուղերով , մեր լեզուն անաղարտ պահել և ապահովել հայերենի միասնական զարգացումը՝ իբրև ազգային միասնության պահպանման և պետականության զարգացման կարևորագույն գործոն:
2. Հայոց լեզուն իր արևմտահայերեն ու արևելահայերեն ճյուղերով պետք է շարունակի լինել ողջ հայության սեփականությունը և պետք է ունենա միասնական գործառություն ու զարգացում:
3. Արևմտահայերենը մեր լեզվամշակութային հարստությունն է, մեր մշակույթի անքակտելի մասը. այն պետք է լինի հայոց պետականության, ողջ հայ ժողովրդի մշտական հոգածության առարկա:
4. ՀՀ Սահմանադրությամբ և «Լեզվի մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է: Իսկ սա նշանակում է՝ հայերենն իր ամբողջության մեջ, ճյուղերով, բարբառներով:
5. Հայաստանի Հանրապետությունը հայապահպանության, հայոց լեզվի պահպանության, հայագիտության զարգացման կարևորագույն և հիմնական կենտրոնն է, որտեղ հայագիտության ներդաշնակ զարգացումը պետության առաջնահերթություններից է:
Խոսքս ուզում եմ եզրափակել անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի խոսքերով. «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»»: