ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մեդալ է հանձնվել
Նոյեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանին, ով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համառուսաստանյան հանձնախմբի կողմից նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնեց հանձնախմբի մեդալը՝ առ ի գնահատություն նրա հայրենանվեր գործունեության և Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացրած աշխատանքի:
Փոխանցելով մեդալը՝ տիկին Նախշքարյանը Հրանուշ Հակոբյանին հաղորդեց նաև հանձնախմբի նախագահ Վարդգես Արծրունու գնահատանքի խոսքերն ու բարեմաղթանքները, ինչպես նաև հանձնախմբի հովանավորությամբ հրատարակված արժեքավոր գրքեր. Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանություն» աշխատության ռուսերեն թարգմանությունը, պատմաբան, ազգագրագետ, հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալլա Տեր-Սարգսյանցի «Լեռնային Ղարաբաղի հայերը» և «Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Մայր տաճարի օծումը և վանական համալիրի բացումը» լուսանկարների ալբոմը:
Շնորհակալություն հայտնելով մեդալի և արժեքավոր գրքերի համար, նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների Համառուսաստանյան հանձնախմբի իրականացրած հսկայածավալ աշխատանքը խոր երախտագիտության է արժանի: Այստեղ մեծ է հանձնախմբի ղեկավարի՝ Վարդգես Արծրունու ներդրումը: Պարոն Արծրունին մեծ հայրենասեր է: Հայ ժողովուրդը նրան հիշում է դեռևս 1988 թվականի ավերիչ երկրաշարժի օրերից, երբ նա Հայաստանի կառավարության մեջ զբաղեցնելով պատասխանատու պաշտոն՝ անձնուրացորեն տրվեց երկրաշարժի հետևանքների վերացմանը»:
Նախարարը հիացումով խոսեց նաև հրատարակված գրքերի մասին, որոնք մեծ ներդրում են ռուսալեզու բազմահազար ընթերցողներին Հայոց ցեղասպանության պատմությանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նրա հերոսական ու ստեղծագործ ժողովրդին ծանոթացնելու ասպարեզում:
Նախարարը շնորհավորեց նաև Ֆլորա Նախշքարյանին՝ վերջերս ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վ. Մատվիենկոյի կողմից մամուլի և տեղեկատվության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար Պատվավոր նշանով պարգևատրվելու առթիվ: