ՀՑԹԻ կազմակերպում է բարեգործական դասախոսությունների ու շնորհանդեսների շարք՝ սիրիահայ համայնքին օգնելու համար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոկտեմբերին, նաև նոյեմբերին կազմակերպում է բարեգործական դասախոսությունների և շնորհանդեսների շարք: Միջոցառումները կայանալու են Մոսկվայում, Փրովիդենսում, Բոստոնում, Փարիզում և Բեյրութում, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լրատվական ծառայությունից:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնախմբի հետ համատեղ նոյեմբերի վերջում «Հիշողության շաբաթ» խորագրի ներքո կազմակերպվելու են բարեգործական դասախոսություններ, շնորհանդեսներ և ցուցադրություններ: Նախաձեռնության նպատակն է հանգանակած միջոցները տրամադրել սիրիահայ համայնքին:
Նախօրեին ամերիկյան Փրովիդենս քաղաքում մեկնարկել է «Կանայք և Ցեղասպանությունը» խորագրով սեմինարը: ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ներկայացրել է «Ավրորա Մարդիգանյանի հետաքրքիր կյանքը. հայոց ցեղասպանության վերապրողը» զեկուցումը, կայացել է նաև Վիտալի Յանկոյի «Խոստացիր ինձ…ծովը վկա» գրքի շնորհանդեսը: Գիրքը վերջերս հայերեն թարգմանել և հրատարակել է ՀՑԹԻ-ն: