Հարյուր տարի անց «ողբերգությունը կրկնվում է» սիրիահայերի համար. Diario Libre
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Siriahay.jpg)
Հազարավոր սիրիահայ փախստականներ, ովքեր ապաստան են գտել Լիբանանում, իրենց սեփական կաշվի վրա զգացել են բռնագաղթի ցավը, որը հարյուր տարի առաջ վերապրել են նրանց նախնիները: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Diario Libre պարբերականն անդրադարձել է Մեգի Մելքոնյանի պատմությանը, ով վերհիշում է, թե ինչպես է երկու տարի առաջ պատերազմի պատճառով հեռացել Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքից: «Հեռացանք, ինչպես մեր նախնիները` առանց որևէ բանի», – վերհիշում է Մեգին:
Դստեր, որդու և թոռների հետ միասին Մեգին պատսպարվել է Բեյրութից կիլոմետրերի հեռավորությամբ գտնվող Բուրջ Համուդ հայկական թաղամասում: Սակայն նրա ամուսինը մնացել է Հալեպում` հրաժարվելով թողնել ամեն ինչ, ինչպես արեցին հայերը 1915-ին: «Երկրորդ Ցեղասպանությունն ենք վերապրում: Մեր ժողովուրդը կրկին մահանում է», – ցավով նշում է Մեգին:
Ցեղասպանության մասին Բուրջ Համուդում խոսում են բոլորը, իսկ «Հիշում և պահանջում ենք» գրությունը կարելի է տեսնել ո՛չ միայն պաստառների վրա, այլև` շենքերի պատերին: