Սիրիահայերին օգնելու նպատակով բացված «Հայաստան» հիմնադրամի բանկային հաշիվները շարունակում են գործել

Սիրիահայությանն օժանդակելու նպատակով 2012թ. օգոստոսին բացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամային եւ արտարժութային հաշիվները, որոնք նպատակ ունեն հավաքագրված գումարները համակարգված ուղղել մեր հայրենակիցների կարիքներին, շարունակում են գործել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, առ այսօր բանկային հաշվին (Արդշինինվեստբանկ, ՀՀ. ք Երևան, Գ.Լուսավորչի 13, 0015 հ/հ No 2470100030900000 (AMD) հ/հ No 2470100030900001 (USD), SWIFT: ASHBAM22 «Հայաստան» համահայկական հիմնադրամ) փոխանցված գումարների գերակշռող մասը ձևավորվել է, մասնավորապես, Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ Արևմտյան ափի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Շվեդիայի, Հոլանդիայի տեղական մարմինների` Հեռուստամարաթոն 2012-ի եւ 2013-ի շրջանակներում հավաքագրված գումարներից, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց նվիրատվություններից, այդ թվում` Հրայր Հովնանյան, Արա Աբրահամյան, «Փեթակ» ՍՊԸ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ, «Գալուստանյան Րաֆֆի» բարեգործական կենտրոն:
Այդ գումարներով իրականացվել են ամենատարբեր ծրագրեր առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում, այդ թվում Հալեպ-Երևան-Հալեպ չվերթների ֆինանսավորում, Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչների աշխատավարձի փոխհատուցում, Հայաստանի երկու տասնյակից ավելի բուհերում ուսանող սիրիահայ երիտասարդների ուսման վարձի, սրտի վիրահատությունների, հուղարկավորության ծախսերի փոխհատուցում, նյութական օժանդակություն Երևանի Կիլիկյան դպրոցին, որտեղ սովորում են սիրիահայ երեխաներ, ինչպես և տարատեսակ կարիքների հոգում «Սիրիահայության շտապ օգնության եւ վերականգնման մարմնին» փոխանցված գումարներով: