​Զարդեր, սպասք և ոչ միայն. սիրիահայ արծաթագործի աշխատանքները` Վերնիսաժում

Եթե շաբաթվա աշխատանքային օրերին այցելեք Վերնիսաժ, ապա նախկինի պես ամայի սեղանիկների չեք հանդիպի: Այժմ շաբաթվա 5 օրերին այնտեղ իրենց աշխատանքներն են ներկայացնում սիրիահայերը` սկսած հագուստից և վերջացրած զարդերով ու սպասքով:

Արծաթագործ Լևոն Քոշգերյանը Հալեպից Հայաստան է եկել 3 ամիս առաջ ու այժմ մոր հետ վարձով բնակվում է Երևանում: Երբեմնի հաջողակ վարպետն այստեղ աշխատելու և աշխատանքները ցուցադրելու այն պայմանները չունի, ինչ Հալեպում, սակայն գոհ է, որ գոնե օրվա հացը վաստակելու հնարավորություն ունի, ամենակարևորը` ապրում է խաղաղ երկնքի տակ. «2011-ի սկիզբը, երբ սկսան խառնակությունները, մեր գործերն էլ վատացան: Չէինք կարողանում նույնիսկ հանգիստ ձևով գործի գնալ: Մարդիկ փողոցում քայլում էին, մեկ էլ կտեսնես՝ պայթյուն տեղի կունենա, և 20-30 հոգի մեկ վայրկյանում կմահանան, մարմնի մասերը կտոր-կտոր կշպրտվե այս ու այն կողմ: Բայց միշտ հուսով էինք, որ լավ կլինի ու այդպես սպասեցինք, մինչև 2015 թվականը, երբ հասկացանք, որ այդպես ապրելն այլևս շատ վտանգավոր է: Քանի անգամ մահից ազատեցինք»:

Լևոնն արծաթի գործով զբաղվում է 15-16 տարեկանից: Իրեն այդ արհեստը փոխանցած վարպետը Հալեպում հայտնի արծաթագործ Հովհաննես Քալանքարյանն էր, որի համար այդ գործը պապենական էր, տոհմական, սակայն տեսնելով Լևոնի ունակությունները` առաջարկում է, որ մնա ու իր կողքին աշխատի: Հետագայում Լևոնն արդեն սեփական գործն է հիմնում:

2002 թ. Հալեպի կենտրոնում բացվում է «Լևոն Քոշգերյան» արծաթյա սպասքի և զարդերի սրահը, որը դառնում է ոչ միայն հայերի, այլև արաբների ամենասիրված ու պահանջարկ ունեցող խանութներից մեկը: Լևոնն ասում է, որ արաբների մոտ ընդունված կարգի համաձայն` աղջկան ամուսնացնելիս ծնողները պետք է արծաթյա սպասք նվիրեն՝ յուրաքանչյուր կտորից 12 հատ: «Յուրաքանչյուր ընտանիք, որ իր աղջկան պիտի ամուսնացներ, մոտավորապես 8-10 կիլոգրամի պատվեր էր տալիս»,- ankakh.com-ի փոխանցմամբ՝ ասում է նա:

Հայաստանում Լևոնը նկատել է, որ արծաթյա սպասքի նկատմամբ պահանջարկը մեծ չէ, մինչդեռ Սիրիայում այն շատ բարձր էր գնահատվում, հատկապես` ձեռքի աշխատանքը: Զարմանում է, որ մարդիկ հսկայական գումարներ են ծախսում հախճապակուց սպասք գնելու համար, որն իրենից ոչինչ չի ներկայացնում. «Դա ապագայի արժեք չունի, իսկ արծաթը 5-6 տարի գործածելուց հետո, մարդ ես, եթե կարիքի մեջ լինես, կարող ես բերել, ես կկշռեմ քաշը, գումարը կտամ: Մեզ մոտ այդ բանը կար: Այս պատերազմին շատ մարդիկ հետ վաճառեցին իրենց արծաթյա սպասքը և փող վերցրեցին նեղ օրերի համա»:

Արծաթագործը Վերնիսաժի փոքրիկ սեղանիկի վրա իր աշխատանքների չնչին մասն է ներկայացնում, սակայն պահում է նաև այն լուսանկարները, որտեղ Հալեպի ընդարձակ խանութն է` աշխատանքների ողջ տեսականիով. արծաթյա ափսեներ, բաժակներ, մոմակալներ, դանակ-պատառաքաղներ, քաղցրավենիքի, մրգի տարաներ, սկուտեղներ, մոխրամաններ, զարդատուփեր և այլն: Ցավոք, այդ խանութն այլևս գոյություն չունի, ավերվել ու թալանվել է:

Արծաթագործի երևանյան աշխատանքների մեջ կան այնպիսի գործեր, որոնք առաջին հայացքից չես հասկանա, թե ինչի համար են ստեղծված: Օրինակ` արծաթյա մկրատը կամ դանակի տեսք ունեցող զույգ սուր գործիքները: Պարզվեց` մկրատը խաղողի ողկույզներն իրարից առանձնացնելու համար է: Աշխատանքների հեղինակի խոսքով` իրենց մոտ ընդունված էր խաղող մատուցելիս կողքին նաև մկրատ դնել: Ինչ վերաբերում է դանականման իրերին, ապա պարզվեց` դրանք էլ նամակի ծրարը բացելու համար են նախատեսված: Եվ այդպես մի շարք հետաքրքիր պարագաներ, որոնք, սակայն, առայժմ մեր կենցաղում ընդունված չեն:

Հայաստանում առավել մեծ պահանջարկ ունեն կանացի զարդերը, այն էլ` մատչելի գներով: Արծաթյա սպասքը, որի արժեքը բարձր է ոչ միայն ծանր քաշի, այլև բավականին բարդ ու աշխատատար ձեռքի աշխատանքի շնորհիվ, Վերնիսաժի հիմնական այցելուների կողմից սոսկ հիացմունքի է արժանանում: Իսկ գնել, օրինակ, 500-600 հազար դրամ արժողությամբ 1 կտոր արծաթյա սպասք, ամենևին էլ հայաստանցու գրպանի բանը չէ:

Ինչևէ, առայժմ Լևոնը բավարարվում է տեղի շուկայի պահանջարկով` հույսով սպասելով, որ մի օր իր լուրջ աշխատանքները նույնպես կգնահատվեն ու կունենան մշտական գնորդներ, ինչպես Սիրիայում:

Լևոնին դուր է գալիս Հայաստանը, ուզում է հաստատվել այստեղ` շատերի պես չմտածելով Եվրոպա մեկնելու մասին: Սիրիահայ արծաթագործը, առիթից օգտվելով, ուզում է անպայման շնորհակալություն հայտնել Հայաստանին, որտեղ իրենց օժանդակում ու շատ հարցերում ընդառաջում են: «Իսկ եթե, օրինակ, ուզենաս գնալ Լիբանան, մեկ օրից ավելի իրավունք չունես մնալու այնտեղ, միայն այլ երկիր տեղափոխվելու նպատակով»,- նկատում է նա:

Խոստովանում է` իրենց միակ սխալը եղել է այն, որ գոնե ժամանակին Հայաստանում մի բնակարան չեն գնել, որպեսզի այսօր Սիրիայում տասնամյակների ընթացքում ստեղծվածը մեկ ակնթարթում կորցնելուց հետո գոնե հայրենիքում սեփական տանիք ունենային, ոչ թե վարձով ապրեին:

Scroll Up