Անբեկանելի՞ Է ՄԻԵԴ-եան Ֆեմիդա

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» ՄԻԵԴ–ի հայտնի որոշումը ռումբի ազդեցություն ունեցավ զանգվածային լրատվության մեջ: Մինչ օրս չեն դադարում «Եվրոդատարանը իրավունք տվեց հերքել հայերի ցեղասպանությունը» կամ «Փերինչեքին ՄԻԵԴ-ն արտոնեց ժխտել հայոց ցեղասպանությունը» վերնագրերով հրապարակումները: Նույնիսկ ամենաանտեղյակներն արդեն գիտեն որ համաձայն մարդու իրավունքների Եվրոդատարանի թիվ 10 դրույթի ցանկացած մարդ կարող է ժխտել մարդկության դեմ ծանրագույն հանցանք հանդիսացող այնպիսի մի փաստ ինչպիսին՝ ցեղասպանությունն է և մնալ անպատիժ:
Ընդ որում «ականջ փափկեցնելու համար» ՄԻԵԴ-ը նշում է որ հայոց ցեղասպանությունը անառարկելի պատմական փաստ է, որ պետք է հարգվի ցեղասպանության զոհերի ժառանգների արժանապատվությունը, միևնույն ժամանակ՝ արտոնելով թուրք Փերինչեքին ժխտելու այն: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ուլտրադեմոկրատիայի և երկակի ստանդարտի դրսևորման օրինակ:
Մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում էր ՄԻԵԴ-ի ստորին պալատի հայկական կողմի համար ոչ բարենպաստ որոշում ընդունելը և միայն վերջին պահին հայ իրավաբանների հմուտ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանխել այն: Միթե՞ ՄԻԵԴ-յան Ֆեմիդան տեղյակ չէր հենց նույն Ստրասբուրգում 1987-թից սկսած հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին Եվրոխորհրդարանի ընդունած բանաձևերի առկայության մասին… Կամ արդարությու՞ն է արդյոք, երբ ՄԻԵԴ-ը հրեական Հոլոքոստը ժխտողին համարում է ռասիստ, իսկ հայոց ցեղասպանությունը ժխտողին՝ դեմոկրատ:
Ասելով «միջազգային սուտ» Փերինչեքը փաստորեն ստի և կեղծիքի մեջ է մեղադրում ոչ միայն աշխարհի հայությանը, այլև՝ հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին, Խոհրդարաններին և Վատիկանին: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ռասիզմի դրսևորում, հարգելի՛ ՄԻԵԴ:
Փերինչեքի և նրա նմանների սին արտահայտություններն են Նյու Յորքում, Վաշինգտոնում և սփյուռքի այլ վայրերում ապրիլյան օրերին փողոց դուրս բերում թուրք-ազերի հերսոտած ամբոխին: Տեսանյութեր՝ որքան ուզեք: Համոզված եմ որ այս որոշումից հետո արտերկրում հայ-թուրքական համայքների առճակատումը ավելի է սրվելու: «Շնորհակալություն» ՄԻԵԴ-ին:
Ես մասնագետ չեմ սակայն արդարադատության պարզ տրամադրությունը ենթադրում է հետևյալը. եթե Փերինչեք էֆենդին հայտնում է որ «ցեղասպանությունը դա միջազգային կեղծիք է» ուրեմն պարտավոր էր ապացուցել դատարանին իր խոսքերի իրավասությունը, ապացուցել որ ցեղասպանությունը ճանաչած երկիրները սխալ են գործել: Այլապես՝ այս մարդը սոսկ էժան շառլատան է: Հետևաբար՝ ՄԻԵԴ-ն արդարացնում է շառլատանների՞ն:
Չի կարելի պրովոկացիան, շանտաժն ու այլատյացությունը խոսքի ազատ արտահայտման կատեգորիային դասել: Սա մեծ սխալ է և հետևանքներով լի: Ֆրանսիական «Շարլի Հեբդո» երգիծական ամսագիրի խմբագրակազմի գնդակահարումը ահազանգն էր այն բանի որ խոսքի ազատություն չէ՛ երբ վիրավորվում են կրոնական զգացմունքները: Որեմն՝ խոսքի ազատություն չէ՛ երբ հերքում են ցեղասպանությունը և մարդկայնության դեմ կատարված այլ հանցագործությունները: Այս գաղափարն է ընդգծվում նաևՄԻԵԴ-Ի որոշումից դժգոհ «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի հաղորդագրության մեջ:
Եթե ՄԻԵԴ-ն ու Եվրոմիությունը նույն եվրոպական արժեքների ջատագովներն են ուրեմն՝ ՄԻԵԴ-ի թիվ 10 դրույթը չպետք է տարբերվի Եվրոմիության 2007-ին հռչակած ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ կոնվենցիայից, որտեղ սևը սպիտակի վրա գրված է. «Հրապարակավ ցեղասպանության հերքումը կամ դրա արդարացումը համարվում է ռասիզմի դրսևորում և ենթակա է քրեական պատժի մեկից մինչև երեք տարի ժամկետով»:
Պետք է աշխարհասփյուռ հայությունը բողոքի ձայն բարձրացնի այս տարօրինակ արդարադատության դեմ:
Իսկ Փերինչեքը հաղթանակ չտարավ: Ցնդած մի ծերուկ՝ ով իր կյանքի տաս տարիները վատնել է Շվեյցարական բանտերի դռներն ընկնելով, հետո անցել եվրոպական դատարանի քաշքշուկներով, վատնել առողջություն, նյարդեր և հսկայական գումարներ որոնք ՄԻԵԴ-ը չփոխհատուցեց:
Տհաճը «Փերինչեքի սինդրոմն է» որ ՄԻԵԴ-ի «թեթև ձեռքով» կարողացավ մի փոքր ստվերել հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի այնքան տպավորիչ միջազգային ձեռքբերումները:
Սառա Գասպարյան, Նյու Յորք