Աշխարհի մեծերը հայերի մասին. ԱՆՐԻ ՌՈՇՖՈՐ

Ֆրանսիացի հրապարակախոս Անրի Ռոշֆորը (1830-1913) «La Patrie» թերթի խմբագիրն է եղել: 1913-ին իր խմբագրած թերթում գրել է «Մեծ զոհը» առաջնորդող հոդվածը (տպագրվել է «Մշակում» 1913թ. N.23, 3 փետրվարի), որն էլ «Հայերն այսօր»-ը ներկայացնում է ընթերցողի ուշադրությանը:
ՄԵԾ ԶՈՀԸ
Կարելի է կարծել, թե բոլոր հայերը աշխարհ են եկել չարչարվելու ու կոտորվելու համար: Հայերի կոտորածների մասին այնպես են խոսում, կարծես դրանք լինեն օպերային ներկայացման պրեմիերա: Այն գազանությունները, որոնք ամեն օր կատարվում են թուրքական Ասիայում, դարձել են մի տեսակ ընթացիկ մանրադրամ, և լրագրերը հազիվ են հիշատակում իբրև աննշան դեպքեր: Լուրերը հայտնում են առանց մեկնաբանության. վայրագ մուսուլմաններն առանց պատճառի ու ամենափոքր առիթի տանջել են երկու քահանայի, իսկ հետո այդ անգութ տանջարարներր կտրել են նրանց լեզուները: Մեր խմբագրությունում ստացանք հեռագրեր այն մասին, թե ինչպես են պղծվել ու հետո «ցից հանվել» երիտասարդ աղջիկներ, և ոչ ոք զարմանք չի հայտնել:
Բալկանյան չորս պետություններ արդեն ազատագրվել են օսմանյան լծից և միայն Հայաստանն է, որ Բալկանյան դաշնակցությանը չպատկանելու պատճառով պետք է շարունակի տեսնել իր հայրենակիցներին ցից հանված և կտրված լեզուներով:
Կարծես թե այդ խեղճ թուրքերը, զրկվելով այն ամենից, ինչ որ գողացել են ուրիշ ազգերից, իրավունք ունեն ստանալու հատուցում: Եվ դաշնակիցներր նրանց հետ խոսել են հենց այս լեզվով. «Մենք ձեզանից կխլենք այն երկրները, որոնք մեզ էին պատկանում. դրա փոխարեն մենք ձեզ ենք թողնում Հայաստանը, որի հանդեպ դուք կարող եք ձեր ցանկությամբ անել երևակայական բոլոր անգթությունները»:
Կարող եք պատկերացնել, թև այդ շնագայլերը ինչպես կօգտագործեն այդ «թույլտվությունը»: Սակայն ինձ անհնարին է թվում, որ այնպիսի անձինք, ինչպիսիք են Հունաստանի թագավորը, Բուլղարիայի ցարը և Սերբիայի արքան, որոնք գրեթե ֆրանսիացիներ են, տանջանքների և սարսափելի ստրկության մեջ թողնեն մի ժողովրդի, որին կարող են իրենց փառավոր հաղթություններից հետո խլել դահիճների ձեռքից:
Ես այլևս չեմ խոսում Եվրոպայի մասին, որի եսապաշտությունը բացառիկ է. նա դրամական շահեր ունենալով Թուրքիայում, լավ հարաբերություններ է պահպանում Աբդուլ Համիդի հետ և գուրգուրանքով սեղմում նրա արյունաթաթախ ձեռքը:
Մեծ տերություններն ունեն արյան ստորություն, և ոչ մի բան նրանց չի բարձրացնի այդ ստորությունից:
Բայց Բալկանյան քաջ ազգերը, որոնց հերոսության մասին ամբողջ աշխարհը հիացմունքով է խոսում, լինելով իրենց ազատագրական հրճվանքի մեջ, մի՞թե կարեկցական մի հայացք չեն նետի իրենց եղբայրների վրա, որոնք գուցե ավելի են հալածված, քան ժամանակին եղել են իրենք:
Մարդկությունը վրեժխնդրություն է աղաղակում ընդդեմ իրեն անպատվող ավազակների:
Ռուսաստանը՝ Կովկասի այսօրվա տերը, վաղուց էր պարտավոր իր նվաճումներն առաջ տանել մինչև Հայաստան, որը նա պիտի միացներ իր տերությանը: Եվ Հայաստանը այժմ չէր լինի շարունակ կրկնվող անլուր արհավիրքների թատերաբեմ:
Անտարակույս, այդ տարաբախտ և գեղեցիկ երկրում մի զարհուրելի բան է կատարվելու: Արյունն այդտեղ հոսելու է ինչպես միշտ, որովհետև Համիդի վարչակարգի անկումից հետո մարդիկ հավատ ընծայեցին, թե կունենան տղամարդկանց, կանանց և երիտասարդ աղջիկների կյանքը հարգող մի Թուրքիա, սակայն այժմ աշխարհը միանգամայն հիասթափված է այդ ամենից: Նոր կառավարությունը միայն խրախուսեց ջարդարարներին: Անշուշտ, նույն բանը չէ, ավելի’ վատթարն է:
Աղբյուր՝ ՍԵՎ ԳԻՐՔ (ՆՇԱՆԱՎՈՐ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՃԻՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ)