Երևանում տեղի ունեցավ թուրք գրող Քեմալ Յալչընի՝ «Հոգիս ձեզմով կխայտայ» համանուն գրքի բեմականացումը
Հոկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբի կատարմամբ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվ. թատրոնում տեղի ունեցավ թուրք գրող Քեմալ Յալչընի՝ «Հոգիս ձեզմով կխայտայ» համանուն գրքի բեմականացումը:
Ներկայացումը առաջին անգամ բեմադրվել է 2015 թվականի հունիսին, Նյու Յորքում:
Բեմականացման հեղինակը Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբի ղեկավար, դերասանուհի Կարինե Քոչարյանն է: Այն ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, ինքնությունը թաքցրած, իրենց կամքին հակառակ կրոնափոխ եղած հայերի պատմությունները, որոնց փնտրել, գտել է հեղինակը՝ գրի առնելով նրանց ողբերգական հուշերը: Գրքի առաջին տպաքանակը՝ երեք հազար օրինակ, հենց տպարանում (Թուրքիա) ամբողջությամբ ոչնչացվել է: Այնուհանդերձ, գիրքը 2001թ., դարձյալ տպագրվել և թարգմանվել է մի շարք լեզուներով, այդ թվում՝ արևմտահայերեն և արևելահայերեն:
Ներկայացման մեջ Քեմալ Յալչընի դերը մարմնավորեց Սունդուկյան թատրոնի դերասան Արթուր Կարապետյանը, գլխավոր դերերում հանդես եկան նաև Սաթիկ Հախնազարյանը, Կարինե Քոչարյանը, Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբի դերասաններ Հովհաննես Ոսկերչյանը, Նարինե Ալեքսանյանը, Էլիզաբեթ Խոդաբաշը և այլք:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Կարևորելով Քեմալ Յալչընի անդրադարձը Հայոց ցեղասպանության թեմային, նա բարձր գնահատեց թուրք գրողի հումանիզմը և սեփական պատմությանն առերեսվելու, իր նախնիների գործած ոճիրի համար ներողություն խնդրելու, բռնի իսլամացած հայերի ապրած ծանր հոգեբանական ողբերգությունն ընկալելու ու վերարտադրելու կարողությունը: Նա մասնաորապես ասաց. «Սիրելի Քեմալ Յալչըն, թեև քո հերոսը պատգամում է, որ այսօր երկու ժողովուրդները սիրեն միմյանց, բայց անկեղծորեն պիտի ասեմ, որ մենք կարող ենք սիրել թուրք հասարակության մեջ չնչին մաս կազմող յալչններին, զարաքոլուներին ու չեթիններին, մենք չենք կարող սիրել փերինչեքներին, ովքեր ժխտում են մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործությունը»: Սերժ Սրապիոնյանը թուրք գրողին նվիրեց Սփյուռքի նախարարության կազմած և հրատարակած «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը, որում ընդգրկված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված ամբողջ աշխարհում սփռված հուշարձանների, կոթողների ու խաչքարերի լուսանկարները, և հավելեց, որ հայ մարդը կարող է մոռանալ Մեծ ոճիրը, երբ մարդկային ճակատագրերի աշխարհասփյուռ հուշարձանները իրապես կվերածվեն հիշատակման վկաների:
Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակին՝ ներկայացման բեմադրիչ Կարինե Քոչարյանին, ողջ ստեղծագործական խմբին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նման բարդ ու նուրբ թեմայի անդրադառնալու համար:
Սփյուռքում 75-ամյա ստեղծագործական գործութնեության, հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստելու, հայապահպանության գործում ներդրած բացառիկ ավանդի համար թատերախմբի բազմավաստակ դերասան Հովհաննես Ոսկերչյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյան մեդալով և Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալով: