Փառատոնի մասնակիցներն այցելեցին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/0216-300x225.jpg)
Սեպտեմբերի 25-ին Համահայկական մշակութային փառատոնի մասնակիցներն այցելեցին 2015թ. ստեղծված Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, որտեղ նրանք ծանոթացան հայ մեծ երգահան, երաժշտագետ, բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ ու բանաստեղծ Կոմիտաս Վարդապետի ողջ կյանքին և անցած ուղուն: Կոմիտասյան արվեստի ցուցադրությունների միջոցով նրանք ավելի մոտեցան բազմաշնորհ հանճարի երաժշտական և հոգևոր գործունեությանը:
Թանգարանում հնչում էին մեծ երգահանի հեղինակային մեղեդիները, և փառատոնի մասնակիցները, շրջելով սրահներում, մեծ ուշադրությամբ զննում էին Կոմիտասի աշխատությունները, անձնական օգտագործման իրերը, վկայականները, կարդում նրա ձեռքով գրված իր իսկ կենսագրությունը, ծանոթանում Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիների նրա նոտագրության դրվագներին, դասախոսություններին, նկարներին:
Վերջում «Կոմիտասից հետո» կոչվող սրահում մասնակիցներին ներկայացվեց շարժանկարի ժապավենի նման անցած Կոմիտասի կյանքը: