Բարի սիրտ ունեցող կինը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/GetThumbnail.jpg)
Մեր երախտագիտությունն ենք հայտնում Լոս Անջելեսում բոլորին հայտնի Սիլվա Չաքմաքչյանին նրա՝ Հայաստան կատարած վերջին այցի առիթով:
Ինչպես կարելի է շնորհակալ չլինել մի մարդու, ով տարիներ շարունակ շռայլորեն կատարում է բարեգործություններ, կատարում է սիրով և այն բարձր գիտակցությամբ, որ դա անհրաժեշտ է անկախացած և կայուն պետություններ ունեցող Հայաստանի ու Արցախի ժողովրդին:
Սիլվայի ակտիվ գործունեությունը պատիվ ու հեղինակություն է բերում հայ ազգին: Նա լավ մարդու և հայի ընդօրինակելի կերպար է, որի՝ բարեգործական ամենատարբեր ձեռնարկներ իրականացնելու պատրաստակամությունը բարձր գնահատանքի է արժանի:
Իսկապես հիացնում է Սիլվա Չաքմաքչյանի առատաձեռնությունը, իսկ աջակցության «թիրախները» նրան որակում են՝ որպես կնոջ, մոր, մարդու և հայի: Դրա վառ օրինակը նրա վերջին այցի ժամանակ նվիրատվությունն էր «Արագիլ» հիմնադրամին, որի առաքելությունն ազգն ավելացնելն ու զավակ չունեցող ընտանիքներին օգնելն է: Հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին, երբ հայի համար երեխա ունենալը դադարում է լինել սոսկ անձնական կամ ընտանեկան խնդիր և ձեռք է բերում ազգային, բարոյական, ժողովրդագրական նշանակություն, Սիլվան, առանց վարանելու, իր նվիրատվությամբ մասնակցեց, և զավակներ չունեցող տասնյակ ընտանիքներ երջանկացան, հնարավորություն ունեցան զգալու ծնող լինելու մեծագույն բերկրանքը, ինչը նաև կարևորագույն նպաստ էր Հայոց պետության վաղվա օրվա ապահովման, ժառանգներ ունենալու սրբազան գործում:
Սիլվային փայլուն ձևով հաջողվում է մեկտեղել բարեսիրությունն ու հայրենասիրությունը: Նա օրեր առաջ, գտնվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, օգնություն ցուցաբերեց վիրավոր զինվորների ընտանիքներին, նրանց մայրերին նյութապես աջակցելով՝ հնարավորություն տվեց հոգալու իրենց կարիքները:
Սեպտեմբերի 2-ին, մասնակիցը լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը նվիրված տոնակատարություններին, Ստեփանակերտում օգնեց նաև հաշմանդամ մի քանի ընտանիքների:
Այս ամենը կարող է բնորոշ լինել միայն ազգասեր մարդու և վկայել պետության և բանակի հանդեպ վերջինիս ունեցած վերաբերմունքի մասին:
Սիլվա Չաքմաքչյանի կերպարն առավել սիրելի
դարձավ, երբ, գտնվելով ՀՀ սփյուռքի նախարարությունում և տեղեկանալով Հալեպի ծերանոցի ծանր վիճակի մասին, ի հիշատակ իր հայրիկի՝ նա անմիջապես վերցրեց Հալեպի ծերանոցի 46 ծերի խնամակալությունը, որոնցից 13-ը գամված են անկողնուն:
Սիլվան իր յուրաքանչյուր քայլով ապացուցում է, որ երբեք չի ընկրկում, երբ տեսնում է, որ մարդիկ իր օգնող ձեռքի կարիքն ունեն: Նա վարպետորեն կարողանում է քաջալերել, իր հոգու ջերմությունը, սերն ու քնքշանքն անշահախնդիր նվիրել մարդկանց: Եվ եթե ընդունված է ասել, որ յուրաքանչյուր մարդու մասին պատմում են իր արած գործերը, ապա Սիլվա Չաքմաքչյանին կարելի է բնութագրել որպես «Լուսավոր էակ», ումից հորդում է անսահման ջերմություն:
Նրան ճանաչողներն ակնածանքով ու սիրով են արտահայտվում. կարող գործարար, լավ ընկեր և արժանապատիվ հայ, ում վարկը, կեցվածքը, կազմակերպչական շնորհքը, պարզ, անմիջական բնավորությունն ու սկզբունքայնությունը նկատելի են անընդհատ: Եվ, որպես այդպիսին, նա հայտնի է ոչ միայն իր մտերիմների շրջանում, այլև Լոս Անջելեսի հայ համայնքում ու Հայրենիքում:
Սիլվան նաև հասարակական գործիչ է: Նա ակտիվորեն մասնակցում է Կանանց միջազգային միավորման աշխատանքներին, կազմակերպում համաժողովներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ: Նա նաև աստվածավախ, հավատացյալ անձնավորություն է և հայտնի է եկեղեցուն տրված իր նվիրատվություններով:
Ընդամենը մեկ այց, և քանի՜ սրտեր ջերմացան, որքա՜ն կարիքավորներ աջակցություն ստացան…
Կրկին հայտնելով մեր երախտագիտությունը Սիլվա Չաքմաքչյանին՝ այս բարի սիրտ ունեցող կնոջը՝ մաղթում ենք նրան նորանոր ձեռքբերումներ, բիզնեսի ծաղկում ու զարգացում:
Թող որ կյանքն իր բարեհաճությամբ վարձահատույց լինի նրան իր բոլոր աստվածահաճո գործերի համար:
ՀՀ սփյուռքի նախարարություն