ՀՀ սփյուռքի նախարարի ցավակցական խոսքը Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ

 ՍԻՐԵԼԻ´ ՀԱՍՄԻԿ, ՆԻՆԱ, ՇԱՆԹ, ԱՐԹՈՒՐ, ՀՈՎՆԱՆՅԱՆ

ՄԵԾ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐ

Խորն է ցավս… Չեմ ուզում հավատալ, որ հիմա ստիպված եմ անցյալով խոսել մի մարդու մասին, որը լի էր կյանքով, ջերմությամբ ու սիրով:

Կան մարդիկ, որոնք հանդիպում են մեզ ու դառնում շատ թանկ ու հարազատ: Այդ թանկությունն ու հարազատությունը, նաև գնահատանքը բազմապատկվում են, երբ տեսնում ես, որ մարդն իր գործունեությամբ հատում է անձնականի սահմանը և մղվում ազգային նպատակների իրականացման գործին:

Այդպիսին էր Վահագն Հովնանյանը՝ անհանգիստ, հայրենասեր, ազգասեր, և նրան որպես այդպիսին ճանաչում էին Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և ամբողջ Սփյուռքում:

 Նա Հայաստանում հաստատվեց անկախացումից անմիջապես հետո, և իր ողջ գործունեությունը նպատակաուղղեց Մայր Հայրենիքի զորացմանն ու զարգացմանը, Հայաստան-Սփյուռք կամուրջի ամրապնդմանը:

Նրա՝ հայի, գործարարի, ղեկավարի, ընկերոջ և, վերջապես, մարդու կենսաուժը, ոգին, եռանդն ուղենիշներ էին, որոնք մասնավորապես երիտասարդության համար օրինակ դարձան՝ պետականակերտ սթափ ու խելամիտ աշխատանքով ապրելու, մեծ կորովով ու ջանքով մարդասիրական, հայապահպանական գործունեություն իրականացնելու առումով:

Իր հասուն տարիների իմաստությամբ, կուտակած կենսափորձով ու կեցվածքով նա հիացումի արժանի նվիրյալ էր, հայասեր հայ, որի տեսակի կարիքը մենք ունենք, որի ֆիզիկական բացակայությունը պիտի զգանք անընդհատ:

Վահագն Հովնանյանի պայծառ, ոգեղեն հոգին շնչում էր նաև մշակույթով. նա հովա­նա­վորում էր մշակութային ծրագրեր, հրճվում, հիանում տաղանդավոր արվեստագետ­ներով, նրանց հաջողություններով…

Հպարտ եմ, երջանիկ, որ առիթ եմ ունեցել լինելու նրա բարեկամը, վայելելու նրա՝ որպես ավագ գործընկերոջ ներկայությունը, լսելու բարի խորհուրդներն ու առաջարկները: Նա նախարարության մշտական գործընկերն ու աջակիցն էր:

Եվ այս ամենը պատահական չէր, քանի որ նրա գերդաստանի արմատն էր զորեղ, արմատն էր հաստատուն ու կենսավշով լեցուն, և նա ապրեց՝ իր ողջ գիտակցական կյանքում հավատարիմ մնալով հովնանյանական արժեքներին ու սկզբունքներին:

Հովնանյան ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ կիսում եմ այս անասելի խորը վիշտը:

Համոզված եմ, որ Վահագն Հովնանյանի՝ նվիրյալ ամուսնու, հոգեթով հոր, սիրասուն պապիկի, լավագույն քաղաքացու և պարզապես հրաշալի մարդու բարի անունն ու հիշատակը միշտ վառ է մնալու նրան ճանաչողների հիշողություններում:

Ափսոս, հազա˜ր ափսոս, որ դադարեց բաբախել նրա մեծ, մարդկային և սիրող սիրտը:

  ԽՈՐԻՆ ՎՇՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ 

Scroll Up