Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և թեմական ժողովի անդամների հետ
Մարտի 23-ին նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցի, հանդիպեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և թեմական ժողովի անդամների հետ:
Ողջունելով նախարարին՝ Սրբազանը բարձր գնահատեց ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հրանուշ Հակոբյանը շորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկայացրեց նախարարության ծրագրերը՝ կարևորելով հայոց լեզվի և ազգային ինքնության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին նախարարության կողմից իրականացվող Ավստրալիայի հայ համայնքի կրթամշակութային աջակցության ծրագրի արդյունավետ իրականացման վերաբերյալ: Նրանք բարձր գնահատեցին հայապահպանությանն ուղղված նախարարության ջանքերը և հատկապես «Արի տուն» ծրագիրը:
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են Հայրենիք-Սփյուռք գործակցությանը, ավստրալահայ համայնքի մասնակցությանը նախարարության ծրագրերին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին, ինչպես նաև Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակին:
Այնուհետև, նախարարը հանդիպել է համայնքի մի շարք գործարարների և նրանց ներկայացրել Հայաստանում գործարար կապերի ընդլայնման և տնտեսական համագործակցության հնարավորությունները, Հայրենիքում ներդրումներ կատարելու, ինչպես նաև իրենց հանգիստն անցկացնելու առավելությունները: Ներկայացրել է նաև զբոսաշրջության զարգացման հեռանկարները և քաջալերել ներդրումներ կատարել այդ ոլորտում:
Հանդիպումից հետո նախարարն այցելել է Ռայդ քաղաքի RRYDE-EASTWOOD LEAGUES CLUBY, որտեղ ներկա է գտնվել Համազգայինի «Նայիրի» և ՀՄԸՄ «Արարատ» միությունների կազմակերպած երեկոյին:
Մի շարք կատարումներով հանդես են եկել Զարուհի Բաբայանը և Համլետ Գևորգյանը: