Լևոն Լաճիկյան.«Պոլսի փողոցներով տիրոջ իրավունքով էի քայլում»

«Հայերն այսօրը»  զրուցել է հայտնի գեղագետ, արվեստաբան-լրագրող և գծանկարիչ Լևոն Լաճիկյանի հետ: Զրույցի առանցքում նրա 10-րդ հոբելյանական՝ «Պոլիսը մոտ ու հեռու» անհատական ցուցահանդեսն է, որ հուլիսի 22-օգոստոսի 1-ը ներկայացվեց Ստամբուլում, ի մասնավորի՝ դրան մերձ գտնվող Գնալը հայահոծ կղզում:

Հատուկ այս առիթով հրատարակված գրքույկում «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆ. Սուրեն Դանիելյանը գրում է. «Լևոն Լաճիկյանը երկու ժամանակների Պոլիսները կամրջելու արվեստագետի իր շնորհն է բերել այս զարմանալի, «տաք» գծանկարներում: Դրանց ենթաբնագրերում նա վերակազմում է այդ  երկու  Պոլիսների պատմամշակութային շաղախը»:

 Իրոք, հայաստանցի արվեստագետի նրբագիծ աշխատանքներում ներդաշնակվում են պատմականն ու այժմեականը, իրականն ու երևակայականը: Դրանցում ցոլանում են Պոլսո հայկական և ոչ միայն հայկական հիշատակները, քաղաքին բնորոշ հայտնի-անհայտ տեսարանները:

«Պոլիսը՝ մոտ ու հեռու» ցուցահանդեսի այցելուների թվում են եղել Թուրքիո խորհրդարանի հայ  երեսփոխան Սելինա Դողանը, Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, Շիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Պարընը, ինչպես հայ, այնպես էլ թուրք հայտնի արվեստագետներ, գրողներ, երգիչներ և այլն: Հայաստանցի արվեստագետի աշխատանքները բարձր է գնահատել նաև «Պոլսո աչքի» համարում ունեցող հանրահռչակ լուսանկարիչ, մեր հայրենակից Արա Գյուլերը:

 -Պարո՛ն Լաճիկյան, ինչպե՞ս ծնվեց նման ցուցահանդես կազմակերպելու գաղափարը:

-Ամեն ինչ սկսվեց 2011-ի դեկտեմբերին Նյու Յորքում կայացած «Հայկական աշխարհ» ցուցադրությունից, որը  կյանքի կոչվեց Պոլսահայ օգնության միության (CARS) ջանքերով:

 Այնտեղ ներկայացրել էի Փարիզը, Վենետիկը, Վիեննան, Ամստերդամը, Բեյրութը և հայաշատ այլ քաղաքներ պատկերող տասնյակ գծանկարներ: Իհարկե, «ներկա» էին նաև ծննդավայրս՝ Գյումրին և պապերիս ծննդավայր Կարսը: Մի խոսքով, հայկական աշխարհի գեղեցիկ խճանկար էր ստացվել: Ցուցահանդեսին, սակայն, նաև «դիտողություն» ստացա: «Ո՞ւր է մերին Պոլիսը,- իրավացիորեն հարցնում էին պոլսահայ բարեկամներս ու ավելացնում,- Ի՞նչ հայկական աշխարհ առանց Պոլսի»:

Հենց Պոլսահայ օգնության միության օժանդակությամբ էլ 2013-ի հոկտեմբերին առաջին անգամ հայտնվեցի Կ.Պոլիս-Ստամբուլում:

-Դա առաջին ու վերջին ա՞յցն էր:

-Ոչ, իհարկե: Պոլիսն այն քաղաքն է, որտեղ առաջին անգամ լինելուց հետո «անվերջ վերադարձը» դառնում է պարտադիր պայման:

-Իսկ ո՞րն է Պոլսի գրավչության գաղտնիքը. չէ՞ որ եղել եք աշխարհի տարբեր երկրներում և բազմաթիվ գեղեցիկ քաղաքներում:

-Պոլիսն Արևմուտքի ու Արևելքի մի անկրկնելի համադրություն է ներկայացնում:  Նման միաձուլում ուրիշ ոչ մի քաղաքում չեմ հանդիպել: Կա նաև մեկ այլ՝ հայերիս համար նշանակալի հանգամանք: Բանն այն է, որ Պոլիսն իրականում Պոլիս է դարձել հենց հայ ճարտարապետների շնորհիվ: Բերեմ միայն Պալյան գերդաստանի օրինակը: Իբրև արքունի ճարտարապետներ Գրիգոր, Կարապետ, Նիկողոս, Սարգիս, Հակոբ, Սիմոն և Լևոն Պալյանները հրաշակերտել են այս քաղաքի աշխարհիկ ու պաշտամունքային ամենանշանավոր գեղակառույցները: Այդ առումով այնքա՜ն հպարտ եմ: Ուստի այնտեղ տիրոջ իրավունքով էի քայլում, ու հոգիս ցնծում էր հայ լինելուս համար:

Միաժամանակ ոտքերս շատ զգուշորեն էի հպում Պոլսի փողոցներին՝ չտրորելու համար Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Սևակի, Սիմանաթոյի, Երուխանի, մեր մյուս մեծաց ոտնահետքերը:  Ամեն անգամ Պոլիս այցելելիս նրանք «ուղեկցում» են ինձ. մտովի միշտ նրանց հետ եմ: Շատերին հենց այն հանգամանքը դուր եկավ, որ իմ գծանկարներում տեսնում էին հին Պոլիսը՝ պատմաշունչ հնակառույցներով ու ավանդական միջավայրով:

Դա արդեն ակնհայտ էր «Պոլսո արտացոլանքներ» ցուցահանդեսում, որ վերջերս բացել էիք Երևանում:

-Այո՛, այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Երևանում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամում, բացեցի «Պոլսո արտացոլանքներ» գծանկարչական աշխատանքերիս ցուցահանդեսը, որը նվիրեցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն ներառում էր 24 գրաֆիկական աշխատանք՝ իբրև 24 մոմ մեր նահատակաց հիշատակին: Դա յուրատեսակ նախանվագ հանդիսացավ Պոլսո ցուցահանդեսիս համար:

-Պարո՛ն Լաճիկյան, ի՞նչ եք նկատի ունեցել, երբ ցուցահանդեսը «Պոլիսը՝ մոտ ու հեռու» եք անվանել:

-Այս խորագիրն ինձ մոտ ծնվեց Պոլիս կատարած երկրորդ այցելությանս ժամանակ, որը հնարավոր դարձավ արդեն «Հրանդ Տինք» հիմնադրամի ճամփորդական դրամաշնորհով: Երբ այնտեղ Հրանտ Դինքի գրքերից մեկը նվեր ստացա՝ «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» շատ խորիմաստ վերնագրով, միանգամից հղացա նոր ցուցահանդեսիս խորագիրը:

-Իսկ ցուցահանդեսում ի՞նչ աշխատանքներ էին ներառված:

-Ընդգրկված էին շուրջ 3 տասնյակ գրաֆիկական աշխատանքներ, որոնք կարծես կոչված էին վերահաստատելու Կ.Պոլսի անփոխարինելի տեղը հայերիս կյանքում՝ որպես մեկը հայ մշակույթի մայրաքաղաքներից: Հարկ համարեցի Թուրքիո այդ ամենամեծ քաղաքի հիշարժան վայրերը պատկերել թե՛ իրենց անցյալի գեղեցկությամբ, թե՛  ներկա անանց հմայքով: Ի վերջո, միշտ արժե հիշել, որ Պոլիսը եղել է ինչպես մեր տխուր, այնպես էլ շատ ուրախ ու երջանիկ օրերի վկան ու ականատեսը:

Պարո՛ն Լաճիկյան, Պոլսում ո՞րն է Ձեր ամենասիրելի վայրը:

-Իհարկե, Դոլմաբահչե պալատը: Դա մի կատարյալ ճարտարապետական գոհար է, որում երաժշտությունը ոչ թե քարացել, այլ հնչում է որպես մշտահմա համանվագ: Ինքս գեղագետ-արվեստաբան եմ և ամեն անգամ Դոլմաբահչեի կողքով անցնելիս չեմ կարողանում զսպել հիացմունքս:

-Իսկ ինչու՞ հենց Գնալը կղզին նախընտրեցիք որպես ցուցահանդեսի անցկացման վայր:

-Ճիշտն ասած, այդպես որոշեցին ցուցահանդեսիս հովանավոր-կազմակերպիչները (օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել «Անատոլու կուլտուր» կազմակերպությանը, «Փարոս մշակութային հանդեսին և «Ճաշ» հայկական ռեստորանների ցանցին): Բանն այն է, որ պայմանավորվածության համաձայն ձեռնարկն ամռանը պետք է տեղի ունենար: Իսկ ամռան ամիսներին Ստամբուլում Երևանի նման շոգ է լինում, ուստի մարդկանց մեծ մասը քաղաքամերձ կղզիներում է հանգիստն անցկացնում: Որոշվեց Գնալը հայաշունչ կղզում կազմակերպել ցուցահանդեսը, քանի որ ամառային այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 25-30 հազար հայ է հավաքվում:

Շատերը, ափսոս, գրեթե չգիտեն հայոց կյանքում այս կղզու ունեցած դերի ու նշանակության մասին: Պարզապես լողալու և լավ ժամանակ անցկացնելու վայր չէ սա: Գնալը կղզին մշակութային հարուստ ավանդույթներ է ունեցել: Այդտեղ են ապրել ու ստեղծագործել Վահրամ Փափազյանն ու Զապել Ասատուրը, Կոմիտասը, Հակոբ Մնձուրին  ու  Զահրատը: Այլ կերպ ասած՝ հայաթաթախ, հայաբույր  կղզի է եղել: Եվ այժմ շատ կարևոր է նորոգել ու զարկ տալ այդ ավանդույթների շարունակականությանը:

-Պարո՛ն Լաճիկյան, ինչպես նկատեցի Ձեր ցուցահանդեսին լայն անդրադարձ է կատարել հայկական և թուրքական մամուլը: Որպես լրագրող՝ ի՞նչ կարող եք ասել տեղի հայկական մամուլի մասին (զբաղվել է նաև լրագրությամբ-հեղ.):

-Չնայած համայնքի նվազող թվին՝ մենք Պոլսում շատ գործուն մամուլ ունենք: «Մարմարա» և «Ժամանակ» օրաթերթերը արագ են սպառվում: Ի դեպ, դրանց հերթական համարները երեկոյան են լույս տեսնում՝ այդ կերպ լրագրողներին հնարավորություն տալով մանրամասն լուսաբանել նախորդ օրվա բոլոր միջոցառումները: Իսկ «Ակօս» շաբաթաթերթը, որ թուրքերեն է հրատարակվում, երկէջ հայերեն հավելված ունի:

Ուրախ եմ, որ «Մարմարա»ն, օրինակ, մեծ հաջողություն որակեց ցուցահանդեսիս կազմակերպումը, իսկ «Ակօս»ն այն դիտեց իբրև հաղթանակ՝ գրելով. «Յաղթանակ կը կոչենք արուեսագէտի այս հանդիպումը, քանի ան յաջողեցաւ իր գործով հմայել ցուցահանդէսը այցելողները»:

Կուզենայի առանձնահատուկ խոսել «Փարոս» հայկական մշակութային ամսագրի մասին, որի գործունեությունից հայաստանյան լսարանը տեղյակ չէ: Բարի նախանձով եմ թերթում ամսագրի էջերը, որովհետև Հայաստանում այսօր չունենք նմանօրինակ մշակութային հանդես: Խմբագրակազմում հայեր են աշխատում: Գլխավոր խմբագիրն է Մայտա Սարիսը: Ամսագիրը պատշաճ տեղ է հատկացնում մեր անցյալի ու ներկա մշակույթին, ինչպես նաև լուսաբանում Թուրքիայի ազգային այլ փոքրամասնությունների մշակութային կյանքը:

-Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞ն է Պոլսի հայ համայնքն այսօր:

-Կուզեի նախ նշել, որ սխալ է Պոլիսը դիտել որպես Սփյուռքի բաղկացուցիչ մաս. Պոլիսն ինքն իր սփյուռքն ունի: Դեռևս Բյուզանդական կայսրության ստեղծման օրերից է հայությունն այնտեղ բնակվել: Անհերքելի իրողություն է, որ հայերը Պոլսում ավելի հին անցյալ ունեն, քան թուրքերը: Մենք այնտեղ ներգաղթյալներ չենք:

Մի փաստ բերեմ. հարյուր տարի առաջ՝ «զուլումի» այն սև օրերին, Պոլսո բնակչությունը 600 հազար է կազմել, որի մեկ քառորդ մասը՝ 150 հազարը, հայերն են եղել: Հարյուր տարի անց Ստամբուլը դարձավ 18 միլիոնանոց քաղաք, մինչդեռ հայերիս թիվը նվազեց՝ հասնելով 50 հազարի: Բարեբախտաբար, մենք հիմա այնտեղ  կենսունակ համայնք ունենք, որը ոչ միայն ժառանգորդն է անցյալի հզոր ժառանգության, այլև պահպանողն ու շարունակողը այդ զորեղ ավանդույթների: Ի վերջո, Պոլսում մենք այսօր 18 վարժարան և 35 գործող եկեղեցի ունենք: Բայց և ցավ ի սիրտ պիտի նշեմ, որ հայոց լեզուն ակներև նահանջի մեջ է, իսկ խառնամուսնությունները սպառնում են հյուծել մեր համայնքային օրգանիզմը:

-Ձեր դիտարկումները որևէ տեղ ամփոփելո՞ւ եք կամ ի՞նչ հետագա ծրագրեր ունեք այս ուղղությամբ:

-Եթե Աստված կամենա, շատ կուզենայի մի ուղեգրություն գրել Պոլսի ու պոլսահայության մասին, որտեղ իրենց տեղը կգրավեին նաև Պոլսո արտացոլանք հանդիսացող գծանկարներս:

 Զրուցեց Գևորգ Չիչյանը

Drvag tsutsahandesitsAra Gyuleri hetGnale kghzinHayots PatriarqaranumYergchuhi Sibili hetKazmakerpichneri het

Dolmabahçe6. Kınalıada. Coastal Villas. jpg +5. St. Krikor Lusavorich church.jpg1. Bolso Hayots Patriarqaran

 

Scroll Up