Ջիվան Գասպարյանը թուրքական սերիալո՞ւմ. Պարզաբանում է դուդուկահարը (տեսանյութ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/Ջիվան-Գասպարյան.jpg)
Օրերս «Առավոտը» ահազանգ ստացավ, որ թուրքական սերիալներից մեկում՝ «Разбивающая сердца» («Սրտեր կոտրելով»)՝, 32-րդ սերիայում նկարահանվել է մեր անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Այս մասին գրում է Aravot.am-ը և հավելում. «Ընդ որում, ուշագրավ է, որ սերիալում մատուցվում է, իբր Ջիվան Գասպարյանը նվագում է թուրքական «Սարի գելին» երգը: Դա մեզ շատ հայտնի «Սարի աղջիկ» երգն է, որի շուրջ բավականին մեծ աղմուկ էր բարձրացել, քանի որ մեր հարեւանները փորձում են ամեն կերպ այն ներկայացնել որպես թուրքական ծագում ունեցող երգ»:
«Հայերն այսօրին» հաջողվեց կապ հաստատել Ջիվան Գասպարյանի հետ: Անվանի դուդուկահարը «Հայերն այսօրի» թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը տեղյակ է շրջանառվող լուրերին և հավելեց, որ մինչև անձամբ չտեսնի տեսագրությունը, չի կարող ասել՝ արդյոք ի՞ր կատարումն է, թե՞ ոչ:
Դուդուկահարը նշեց, որ Կ. Պոլսում համերգ ունեցել է, որտեղ նաև «Սարի աղջիկն» է հնչել:
Անդրադառնալով «Սարի աղջիկ» երգին՝ Ջիվան Գասպարյանը նշեց. «Երբ համերգների ժամանակ հնչեցնում եմ այս կատարումը, պարսիկները, թուրքերը մոտենում են ինձ և ասում, որ դա իրենց երգն է: Իմ կարծիքը, այս հարցում, միանշանակ է՝ դա հայկական երգ է: Իսկ թուրքերից ամեն ինչ սպասելի է, ամեն բան կանեն, որպեսզի խորամանկելով հաջողության հասնեն»:
Ջիվան Գասպարյանը նաև նշեց, որ Թուրքիայից առաջարկներ է ստացել ելույթներ ունենալու Վան, Մուշ, Էրզրում քաղաքներում: Սակայն պատասխանել է, որ կհամաձայնի միայն այն դեպքում, եթե համերգները նվիրված լինեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հավելենք, որ հավանաբար թուրքական հիշյալ սերիալում օգտագործված են կադրեր՝ 2013 թվականին Պոլսում Ջիվան Գասպարյանի և Թուրքիայում հայտնի երգիչ Յավուզ Բինգյոլի մասնակցությամբ համերգից, որտեղ դուդուկահարի նվագակցությամբ Բինգոլը կատարում է նաև «Սարի աղջիկ» երգի թուրքական տարբերակը (Սարի գելին):