ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելեց Թբիլիսի

Օգոստոսի 16-ին Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը,  այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի և ներկա գտնվեց Աստվածամոր վերափոխման տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագին: Այս մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

Նախարարի կողմից բերված Մայր Հայրենիքի արևաշող խաղողը միախառնվեց Թբիլիսիի հայ հավատացյալների տաճար բերած խաղողին և մյուս մրգերին:

Պատարագի ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սուրբ Էջմիածին եկեղեցու իր նստավայրում հյուրընկալեց նախարար Կարապետյանին:

Վիրահայոց թեմի առաջնորդը նախարար Կարապետյանին ուղեկցեց Թեմի «Հայարտուն» կենտրոն և տեղեկացրեց հայապահպանության նպատակով կենտրոնի ծավալած գործունեության մասին: Թեմակալ առաջնորդը և ՀՀ գյուղատնտեսության նախարարը այցելեցին Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ազգի արժանավոր զավակների շիրիմներին:

Սրբազանի և Սերգո Կարապետյանի հաջորդ կանգառը Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցին էր, որտեղ ավարտին են մոտենում եկեղեցու վերանորոգչական աշխատանքները: Սուրբ Գևորգ եկեղեցում բարձրաստիճան հյուրերին դիմավորեց վերանորոգման աշխատանքների ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը, ով մանրամասն ներկայացրեց կատարված աշխատանքները:

aa1 a2 a3

a4a5 a6 a8

Scroll Up