Սբ.Աստվածածնի Վերափոխման տոնը Ջավախքում

Օգոստոսի 17-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշեց Սբ.Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդ և Տիրամորը նվիրված ամենահին տոնն է:
Առավոտյան 11-ին Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում, ինչպես նաև Ջավախքի գործող բոլոր եկեղեցիներում, մասնավորապես` Աբուլ, Չամդուրա, Դիլիսկա, Կարծախ, Արագովա և Խանդո գյուղերում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր, գլխավորությամբ՝ Հայր Բաբգէն Սալբիյանի:

Աստվածամոր տոնին Սբ Խաչ եկեղեցին բազմամարդ էր, մարդիկ գալիս էին դեպի եկեղեցի՝ ստանալու Բարձրյալի օրհնությունը և իրենց հետ տանելու խաղողի օրհնված ողկույզները:
Սուրբ Պատարագի ավարտին Տեր Տաթև քահանա Մարուքյանը քարոզի խոսք ուղղեց հավատացյալներին՝ հանգամանալից ներկայացնելով Տիրամոր Առաքելությունը, նրա ննջեցման և Վերափոխման մասին, տոնի առթիվ շնորհավորեց բոլոր կանանց և մայրերին, գնահատանքի խոսքեր ուղղեց բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել և աջակցում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Այնուհետև հոգևորականները հանդիսավորապես կատարեցին ավանդական խաղողի և ողջ տարվա բերք ու բարիքի օրհնության կարգ: Եկեղեցու Խաչ քավորը և դպիրները օրհված խաղողը բաժանեցին մարդկանց:
Հավարտ պատարագին Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էին Ջավախքի եկեղեցասեր երիտասարդները՝ օրհնությամբ և աջակցությամբ Ջավախքի փոխանորդ Հայր Բաբգէնի:
Եկեղեցու բակում թևածում էր հայկական ժողովրդական երգն ու պարը: Գեղեցիկ կատարումներով հանդես եկան Գումբուրդո գյուղի և «Վաչիանի» պարային համույթի սաները, ինչպես նաև «Վաչիան» պարային համույթի, Օրջա, Խանդո, Բարալեթ գյուղերի մշակույթի տների սաները: Իսկ միջոցառման գեղարվեստական մասն իրականություն դարձավ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող կիրակնօրյա դպրոցի շնորհալի սաների շնորհիվ:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Scroll Up