Սփյուռքի փոխնախարարն ընդունեց «Արի տուն» ծրագրին մասնակցած դերսիմահայերի խմբին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/Aritun.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդունեց Դերսիմից «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակցած խմբին՝ Դերսիմի կազմակերպությունների միության նախագահ Ահմեդ Բալկիսի ղեկավարությամբ:
Նրանք շնորհակալություն հայտնեցին Հայաստանի կառավարությանը և մասնավորապես սփյուռքի նախարարությանը, որ ընդառաջել են իրենց ցանկությանը և կյանքի են կոչել Հայաստան այցելելու իրենց մեծ երազանքը:
Խմբի ղեկավարն իր երախտագիտությունը հայտնեց ջերմ հյուրընկալության համար և նշեց, որ «Արի տունը» բացառիկ ծրագիր է՝ հագեցած բազմաբովանդակ միջոցառումներով, հետաքրքիր շրջագայություններով ու ճամբարային օրերով: Խմբի բոլոր անդամներն ապրեցին անբացատրելի զգացողություններ ու անմոռանալի պահեր, ճանաչեցին Հայաստան աշխարհն ու հայ ժողովրդին: Նա մասնաորապես ասաց. «Պատմությունը միշտ ապացուցել է, որ պաշտոնական դիվանագիտությունից ավելի զորավոր է ժողովրդական դիվանագիտությունը: Միայն անմիջական շփումներով կարելի է ճանաչել միմյանց և հաստատել ու խորացնել հարաբերությունները ժողովուրդների միջև»:
Բենիամին Հովհաննիսյանը, ով ժամանակին սովորել է Հայաստանում և աշխատել է հայկական ռադիոյում, նշեց, որ այս այցելությունը օգնեց իրենց ճանաչել սեփական արմատները, ծանոթանալ հայոց լեզվին և իրենց պապերի հավատքին, նա ասաց, որ «Արի տունը» դեպի իրենց ինքնությունը վերադարձի մի հրաշալի ճանապարհ էր, անցյալն ու ներկան իրար կապող մի նոր կամուրջ:
Նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը հատուկ շնորհակալություն հայտնեց կանադահայ բարերար Ռաֆֆի Պետրոսյանին՝ Դերսիմից և Դիարբեքիրից իսլամացած հայերի ստվար խմբի մասնակցությունը ծրագրին հնարավոր դարձնելու համար և կարևորեց իսլամացած հայերի՝ իրենց ազգային արմատներին վերադառնալու շարժումը, որը պետք է գնալով նոր ընդգրկում ունենա:
Հյուրերը նախարարությանը հանձնեցին խորհրդանշական նվեր: