Ցեղասպանությունը` լուսանկարներում. Էրզրումի հայկական գերեզմանոցը, 1895

Հայոց ցեղասպանության պատմությանը փաստագրված է տասնյակ հազարավոր վավերագրերով` դիվանագիտական զեկույցներով, ականատեսների վկայություններով, հուշագրերով ու վերապրածների բանավոր պատմություններով: Այս ամենի հետ մեկտեղ բացառիկ փաստագրական ապացույց են Հայոց ցեղասպանության տարիներին հայ և օտարազգի լուսանկարիչների արած հարյուրավոր լուսանկարները:

Դրանց մեծ մասի հեղինակները ռուսական բանակի զինվորականներ ու թերթերի թղթակիցներ էին, նաև Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանացի զինվորականեր ու պաշտոնյաներ: Տարեցտարի ի հայտ են գալիս Հայեց ցեղասպանությունը և դրա հետևանքները փաստող նոր լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս առնչվելու տեղի ունեցածին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկ տեղում՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքում է հավաքել հայերի կոտորածը պատկերող լուսանկարներ, որոնց մի մասնArmenianGenocide100.org-ը պարբերաբար կներկայացնի: 

« Զոհերի մարմինների համար փորված խրամատ. տեսարան գերեզմանոցից». այսպես մակագրված լուսանկարն առաջին անգամ տպագրվել է անգլիական « The Graphic» շաբաթաթերթում: Ներկայացված է Էրզրումի գերեզմանատնից մի հատված, ուր համիդյան կոտորածներից երկու օր անց բերել են հայերի դիակները: Մեկնաբանության մեջ նշվում է, որ այն պահին, որ արվում էր լուսանկարը, չորսմարդ գերեզմանափոս էր նետում ևս երկու դիակ: 

Համիդյան կոտորածների ալիքը Էրզրումի վիլայեթ հասավ 1895 թ. հոկտեմբերի կեսերին: Հոկտեմբերի 18(30)-ի կեսօրին մոտ թուրքական զորքերը, հազարավոր բաշիբոզուկների ուղեկցությամբ  ներխուժելով Էրզրում, սկսում են քաղաքի հայ բնակչության կոտորածները և ավերում ու հրկիզում են հայկական թաղամասը, ինչը շարունակվում է մինչև ուշ գիշեր:

Իշխանությունների հրամանով հայերի դիակները գիշերով տեղափոխեցին  քաղաքից դուրս` նախապես փորված փոսերում թաղելու համար:  Հոկտեմբերի 21-ին սպանվածների թիվն արդեն 1000-ից ավելի էր, նրանց թվում` բազմաթիվ կանայք ու երեխաներ:  Հայերի տների մեծ մասը կողոպտված ու ոչնչացված էր:

Կոտորածները ծանր հետևանքներ ունեցան նաև Էրզրումի շրջակա գյուղերի հայ բնակչության համար. Կողոպտվեցին ու ավերվեցին 40-ից ավելի գյուղեր, իսկ երեք գյուղի բնակիչներին բռնի հավատափոխ արեցին:

Այս լուսանկարը հետագայում արտատպվեց եվրոպական և ամերիկյան բազմաթիվ պարբերականներում` դառնալով հայերի հանդեպ գործադրված թուրքական բռնությունների առաջին և առավել տարածված լուսանկար-փաստ:

«Էրզրումի հայկական գերեզմանատան սարսափելի տեսարաններից ցնցվում էր մարդու ներաշխարհը. իրար վրա թափված հարյուրավոր արյունաթաթախ, անճանաչելիորեն հոշոտված դիակներ…»:

                                           Պ. Բլեյան, ռուս հրապարակախոս

Scroll Up