Արաքս Մանսուրյան. «Խաչի նման իմ մեջ կրում եմ մորս խոսքերը՝ Հայաստանը երբեք չլքես…»

Օգոստոսի 1-ին հայ ճանաչված ու սիրված օպերային երգչուհի, պրոֆեսոր Արաքս Մանսուրյանը դառնում է 69 տարեկան: Մոտ յոթ տասնամյակ, որոնք ամբարվել են տարիների ու մարդկանց հիշողությունների մեջ յուրովի:

Իսկ թե ինչպիսին են այդ ապրած տարիներն Արաքս Մանսուրյանի աչքերով, «Հայերն այսօրը» պարզել է սիրված երգչուհու հետ կատարած փոքրիկ հարցազրույցի միջոցով:

-Տիկի´ն Մանսուրյան, կարծես թե այս տարին իրադարձություններով լի էր Ձեզ համար։

– Իսկապես, այս տարին նշանակալից էր ինձ համար: Ապրիլի 23-ին եկա Երևան և ի ուրախություն ինձ, ներկա գտնվեցի Հայոց ցեղասպանության նահատակների Սրբադասման արարողությանը: Իսկ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իմ երգով մասնակից դարձա Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական արարողությանը: Այդ ամենը շատ հուզիչ էր հատկապես ինձ համար, ով Եղեռնի ճամփան անցած ծնողների զավակ է:

Հայաստանում գրեթե ամեն օրս լեցուն էր նկարահանումներով, հարցազրույցներով:

Մայիսի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համատեղ համերգ ունեցա ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի հետ. համերգը նախաձեռնել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Կայացավ իմ երեք ձայնասկավառակների շնորհանդեսը, որոնցից մեկը, որ հոգևոր երգերի կատարումներ են, նվիրված էր տիգրանակերտցի հորս՝ Եղիա Մանսուրյանին և մարաշցի մորս՝ Աննա Փամբուկյանի հիշատակին:

Անակնկալ էր նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կողմից պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանանալը:

Հոգիս լի է անցյալի հուշերով, երբ սովորում էի Կոնսերվատորիայում, երբ դասավանդում էի: Մեծագույն հարստություն է արվեստին ծառայելու, անմնացորդ նվիրվելու համար գնահատված ու սիրված լինելը: Մեծագույն պատիվ է, նաև պարտավորեցնող՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալի արժանանալը:

Շնորհակալ եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ղեկավարությանը ու պրոֆեսորական կազմին՝ պարգևատրումների համար:

-Վերհիշելով Ձեր անցած ուղին՝ ի՞նչ եք մտածում։

– Ուր եղել եմ, ուր երգել եմ, դասավանդել, միշտ իմ «ուղեկիցն» են եղել ազգային պատկանելությունս, մայրենիս ու հայ երգս: Երբ հետ եմ նայում ու վերհիշում իմ անցած ուղին, տեսնում եմ, որ այնքան ափսոսանքի պահեր կան:

Ուսանողական տարիներին այն ժամանակ դեռևս ոչ հայտնի երգահանների ատոնալ երաժշտության առաջին ու միակ կատարողն եմ եղել. ցավում եմ, որ ձայնագրություններ չկան:

Երևանի օպերային թատրոնի արխիվում, ավաղ, չկան դերերգերիս ձայնագրությունները, թերևս միայն Անուշն է մնացել, այն էլ անորակ:

Այդ տարիներին ստեղծագործական կյանքը շատ գունեղ էր, լեցուն: Հուզմունքով ու կարոտով եմ հիշում այդ տարիները: Անմոռանալի են նաև համերգային շրջագայությունները Խորհրդային Միության տարբեր քաղաքներում, արտասահմանյան երկրներում:

Մեծ պատիվ է ինձ համար լինել Կոմիտասյան շատ երգերի, ինչպես նաև եղբորս՝ Տիգրան Մանսուրյանի և այլ մեծ երգահանների ստեղծագործությունների առաջին կատարողը: Ի դեպ, Կոմիտասյան «Անուշի» միակ կատարողը նույնպես ես եմ:

Սիդնեյի օպերային թատրոնի առաջին հայ մեներգչուհին եմ եղել, ու դա ևս հպարտություն է: Հիմա դասավանդում եմ: Իմ մեծ ձեռքբերումն ու ուրախությունն այսօր այն է, երբ տեսնում եմ օտար ուսանողներիս տարեցտարի աճող սերն ու գնահատանքը՝ հայ արվեստի, Կոմիտասի, Մանսուրյանի ու, առհասարակ, հայ երաժշտության հանդեպ:

– Ձեր անցած տարիների ամենանշանակալի ծննդյան օրը:

– Թերևս ծննդյանս ամենանշանակալի ու անմոռանալի օրը 1993 թվականի օգոստոսի 1-ն էր: Նշեցինք մայրիկիս տանը՝ Շուշանիս, Մարիամիս հետ: Առ այսօր, խաչի նման իմ մեջ կրում եմ մորս խոսքերը, մաղթանքները, խրատները, որոնք հիմնականում հայրենիքի մասին էին: Մայրիկիս խոսքերը, որոնք փութերով սեր են կշռում, առ այսօր հնչում են ականջումս՝ Հայաստանը երբեք չլքես… Այդ սերը, պատգմաները զգում և լսում էի, ավաղ, վերջին անգամ: Մեկ ամիս անց մայրս հեռացավ մեզանից՝ միանալով երկնային հրեշտակներին: Այո, այսօր հեռու եմ հայրենիքից, բայց հայրենիքս միշտ ինձ հետ է, իմ ներսում, իմ օրվա մեջ, իմ կյանքում: Եվ այդ օրվա օրհնությունն ինձ հետ է առ այսօր… Եվ գիտեմ, որ վերադառնալու եմ…

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

 

Scroll Up