Հայրիվանքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոն է անցկացվել
Հուլիսի 29-ին Հայրիվանք գյուղում` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տան բակում, անցկացվել է «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնը, որն իրականացվում է «Մշակույթ և ապագա» մշակույթի զարգացման և հանրահռչակման հիմնադրամի, ՌԴ Սվերդլովի մարզի մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ, գրում է Aravot.am-ը:
Հայրիվանքում փառատոնի անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաև Գեղարքունիքի մարզպետը: Փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Տերտերյանի ժամանակը փառատոնը հայ-ռուսական համատեղ նախագիծ է, որը նմանատիպ ձևաչափով իրականացվում էր առաջին անգամ՝ միավորելով մշակույթի և արվեստի մի շարք ճյուղեր և ուղղություններ: Համերգի ընթացքում Սվերդլովյան ֆիլհարմոնիայի լարային քառյակի կատարմամբ հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները, իսկ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարել է Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան:
Փառատոնի կազմակերպիչները գտնում են, որ գործ ունեն մի նոր ավանդույթի ներդրման հետ, ինչը, նրանց համոզմամբ, կնպաստի կոմպոզիտորի ստեղծագործությունների առավել ճանաչմանն ու հանրահռչակմանը: