Տալինում ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին կմասնակցեն անվանի արտիստներ

Էստոնիայի մայրաքաղաք Տալինի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարտի 12-ին կանցկացվի Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էստոնիա մեկնելուց առաջ այս մասին տեղեկացրեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Համերգն անցկացվելու է փառատոնի՝ ցեղասպանության տարելիցին նվիրված համերգաշար-նախաձեռնության շրջանակներում:

«Սուրբ Հովհաննեսը մեծ տաճար է, որտեղ համերգներ են անցկացվում: Կհնչի հայ և արևմտյան կոմպոզիտորների հոգևոր երաժշտություն: Հանդես կգան ոլորտի լավագույն կատարողները: Մեկն Էստոնիայի տղամարդկանց պետական երգչախումբն է, որին մենք հյուրընկալեցինք երկու տարի առաջ մի քանի համերգներով՝ Երևանում և Վանաձորում: Մյուսը «Հորտուս Մուզիկուս» անսամբլն է, որը ևս եղել է Հայաստանում»,-նշեց Սոնա Հովհաննիսյանը:

Ցեղասպանության տարելիցին նվիրված նախաձեռնության մեկնարկը տրվեց մարտի 5-ին: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, էստոնացի հայտնի ջութակահար, դիրիժոր Անդրես Մուսթոնեյի ղեկավարությամբ ներկայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երաժշտական ծրագրով:

«Երուսաղեմի համերգը բացառիկ հաջողություն ունեցավ: Հաջողությունը պայմանավորված էր և՛ համերգի բարձր գեղարվեստական որակով, և՛ ունկնդիրների ջերմ ընդունելությամբ: Ամբողջ հասարակությունը մեծ հիացմունք ապրեց: Բացառիկ միջոցառում էր, դժվար է փոխանցել և բառերով նկարագրել այն, ինչ տեղի ունեցավ: Դահլիճում ներկա էին քաղաքական, հոգևոր և մշակութային խավի ներկայացուցիչներ: Յուրահատուկ մթնոլորտ էր իշխում»,-հավելեց  «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրենը:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ութ համերգներ կկազմակերպվեն աշխարհի տարբեր երկրներում: Նախագծի շրջանակներում մի շարք անվանի արտիստներ հանդես կգանԲրյուսելի, Սանկտ Պետերբուրգի, Լոնդոնի, Նյու Յորքի, Հռոմի և Վիեննայի հեղինակավոր բեմերում: Ծրագրին մասնակցում են Բելգիայի ազգային և Լա Սկալա ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի արքայական ֆիլհարմոնիկ և Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերը, դիրիժորներ Վալերի Գերգիևը, Պինկաս Ցուկերմանը, Ջորջ Փեհլիվանյանը և Ջոն Աքսելորդը, մենակատարներ Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռաչլին և Սերգեյ Նակարյակովը և այլք:

Scroll Up