Հայաշատ թաղամասի հրթիռակոծության հետևանքով Հալեպի հայ համայնքը վնասներ չի կրել. Ժիրայր Ռեիսյան

Հալեպի հայաշատ Նոր Գեղի (Նոր Գյուղ) թաղամասում ընդհարումների ու հրթիռակոծության ձայներ լսվում են, բայց ժողովրդին ոչինչ չի պատահել: Այդ մասին Հալեպից Panorama.am-ին տեղեկացրեց Հալեպում Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո թեմի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը:

«Երկու օր առաջ այդ շրջանի ոչ քրիստոնեաբնակ հատվածում պայթյուններ և անգամ զոհեր էլ կային, բայց մեր համայնքը ուղղակիորեն չի վնասվել»,-փոխանցեց պարոն Ռեիսյանը:

Նրա խոսքով, մի քանի օր շարունակ ջրազրկված լինելը Հալեպում կենցաղային մեծ խնդիրներ է առաջացրել. «Կենցաղային դժվարություններ ունեցանք, սկսեցինք ավելի զգուշությամբ ջուրն օգտագործել, և մարդիկ ջրի պակասի պատճառով ստիպված էին ջրավաճառներից ջուր գնել»:

Այժմ, սակայն, և էլեկտրաէներգիան, և ջուրը մատակարարվում է, բայց ժամային սահմանափակումներով:

Ինչ վերաբերում է Հալեպում հայ բնակչության սոցիալական վիճակին, հայ համայնքի ներկայացուցիչն ասաց. «Հայերն ու արաբները իրարից չեն տարբերվում, անշուշտ, նախկին վիճակը չէ, և աշխատանք ունենալը մեծ դժվարություն է դարձել: Կա տնտեսական սղաճ, բայց գործեր կան, որոնք անխուսափելիորեն արվում են, ինչն էլ որոշ եկամուտ ապահովում է: Իսկ ընդհանրապես, ժողովրդի տնտեսական վիճակը շատ վատ է», -ասաց Ռեիսյանը:

Scroll Up