«Հայերենը մոռացված չէ Սփյուռքում»

ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը լայն սփռել է իր թևերը՝ ներառելով բազմաթիվ երկրների հայկական համայնքների երիտասարդների:

Այս անգամ զրուցակիցներս Հորդանանից ժամանած 17-ամյա Հրակ Մարգարյանն ու 13-ամյա Կարինե Դեմիրճյանն են:

Կարինեն առաջին անգամ է Հայաստանում, չափազանց գոհ է այցից և ցանկանում է նորից գալ: Ի տարբերություն Կարինեի՝ Հրագը երկրորդ անգամ է Հայաստանում: Նա նշում է, որ ծրագիրը շատ բան է տվել իրեն. «Ծրագրի շնորհիվ շատ ընկերներ ձեռք բերեցի, հայերենի իմացությունս լավացրի, և որն ամենակարևորն է՝ հայրենիքիս հանդեպ սերն ավելի զորացավ: Շատ մարդկանց հետ ծանոթացա և իմացա, որ հայերը Ցեղասպանության 100-րդ տարելիցին շատ ավելի զորավոր են: «Արի տուն» ծրագրին մասնակցող երեխաներից շատերը հայերեն են խոսում: Սա շատ լավ նշան է. ուրեմն հայերենը մոռացված չէ Սփյուռքում»:

Կարինեն ու Հրակը պատմում են, որ իրենց համայնքում ունեն երկու եկեղեցի, Յուզբաշյան-Գյուլբենկյան վարժարան, երկու ակումբ, որտեղ  ամեն ուրբաթ հավաքվում են, զրուցում, ծրագրեր իրականացնում: Նրանք մասնակցում են նաև եկեղեցու կիրակնօրյա պատարագներին:

«Արի տուն» ծրագրում Հրակին ամենից շատ մայրենիի դասերն են տպավորել: Նշում է, որ մի քանի օրերի ընթացքում, ուսուցչուհու շնորհիվ, բարելավվել է մայրենիի իմացությունը: Կարինեին շատ են դուր եկել շրջագայությունները և հյուրընկալ ընտանիքը, պատմում է, որ իրեն չափազանց ջերմ են ընդունում: Կարինեն երազում է Հայաստան գալ, սովորել Բժշկական համալսարանում և դեղագործ դառնալ:

Թեև դեռ մնալու են Հայաստանում, բայց թե՛ Հրակի, թե՛ Կարինեի սպասումներն արդեն արդարացել են, ու ինչպես Հրակն է նշում. «Արի տունը» չափազանց լավ ծրագիր է, իսկ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանն այս առումով շատ մեծ քայլ է արել՝ «Perfect move»:

Հռիփսիմե Գալստյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

արի տուն արի տուն1

Scroll Up