Նարեկ Հակոբյան.«Արի տուն» ծրագրում ինձ ամենից շատ դուր է գալիս հայոց լեզվի դասերը
«Արի տուն» ծրագրի մասին սկսվելուց երեք օր առաջ ընկերներիցս իմացա: Կարծում էի քիչ է հավանականությունը, որ կկարողանամ Հայաստան գալ, քանի որ երեխաներն արդեն իսկ շատ են, բայց ստացվեց. ինձ ընդառաջեցին, և ես հայրենիք եկա»,-պատմում է «Արի տուն» ծրագրի մասնակից Նարեկ Հակոբյանը:
Նարեկը 17 տարեկան է, եկել է Ռուսաստանից:
«Երեք տարեկանից Հայաստան եմ գալիս, շատ եմ սիրում իմ հայրենիքը:Այժմ «Արի տուն» ծրագրով եմ եկել, շատ ջերմ են ընդունում այստեղ, ամեն ինչ ինձ շատ է դուր գալիս: Բայց ամենից շատ դուր է գալիս հայոց լեզվի դասերը:
Տառերը լավ չգիտեի, բայց արդեն երկու օր է՝ պարապում ենք, ու կարողացել եմ տառերի մեծ մասը սովորել»,-պատմում է Նարեկը, իսկ հարցին, թե գիտի անունը գրել, պատասխանում է, որ ոչ միայն անունը, այլ նաև որոշ նախադասություններ է գրում:
Նարեկի համար «Արի տունը» հրաշալի ծրագիր է. «Այս ծրագրի շրջանականերում կարողանում ես շփվել տարբեր երկրներից եկած քո հասակակիցների հետ, նոր տեղեկություններ ես ձեռք բերում, նոր գիտելիքներ, նոր տպավորություններ և որ ամենակարևորն է` նոր ընկերներ, հետաքրքիր վայրեր ես այցելում, լավ ժամանակ անցկացնում»:
Ինչպես Նարեկն է նշում, այնքան էլ լավ չգիտի հայոց պատմություն, սակայն շատ է ցանկանում իմանալ, և այս ծրագիրը տալիս է նման ինքնատիպ հնարավորություն՝ ճանաչելու Հայրենիքը, հայկական ավանդական ընտանիքը, հայ մշակույթն ու հայոց աշխարհը, ժողովրդի կերտած պատմությունը:
Հռիփսիմե Գալստյան