Գրական ու կոմիտասյան շնչով

«Սփյուռք» ամառային դպրոց-2015» ծրագրի նպատակն է ոչ միայն սփյուռքահայերին մոտեցնել մայրենիին` արագացված ու մասնագիտացված դասընթացներով եւ ուսուցիչներին նոր մեթոդներով վերապատրաստելով, այլ նաեւ նրանց ծանոթացնել մեր պատմամշակութային կոթողներին, թանգարաններին ու պետական նշանակություն ունեցող կառույցներին: Այս ամենի գիտակցումով էլ ծրագրի մասնակիցները այսօր այցելեցին Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն, գլուխ խոնարհեցին մեծանուն հայ մտավորականների շիրիմների առջեւ` հաղորդակից դառնալով տերյանական, սարոյանական, փափազյանական, թամանյանական լույսին ու այլ նվիրյալների անցած ուղուն: Ուղեկցող ուսուցիչները իրենց շուրջը խմբեցին պատանիներին, անցնելով շիրիմից շիրիմ` ներկայացրեցին հանճարների կյանքն ու թողած ավանդը:
Քաղաքական գործիչներ Անդրանիկ Մարգարյանից ու Կարեն Դեմիրճյանից հասան մինչեւ հռչակավոր դերասան Հրաչյա Ներսիսյանին ու տաղանդաշատ ճարտարապես Թորոս Թորամանյանին: Ինչ խոսք, շատերը չգիտեն պանթեոնում հանգչող մեր մեծերից ոմանց եւ առիթը բաց չթողեցին բացը լրացնելու համար:
Պանթեոնում հանդիպեցինք Իսպանիայից ժամանած Ալինա Շապաղաթյանին, ով մայրենիին տիրապետում է բավականին սահուն` իր խոսքին հաղորդելով հետաքրքիր գեղարվեստականություն ու հուզականություն: Արմատներով գորիսցի հայուհին մանկությունը անցկացրել է Երեւանում: Իր կյանքի լավագույն հուշերը կապված են հենց երեւանյան բակի ու ընկերների հետ, որոնցից շատերի հետ կապը պահում է նաեւ այսօր: Ցավով է նշում, որ Վալենսիա քաղաքում համախմբված հայկական համայնք չունեն, սակայն դա չի խանգարում նրան հայ մնալ, որովհետեւ իր մեջ պահում է Հայաստան աշխարհի համայնապատկերը: «Սովորում են համալսարանում, տուրիզմի բաժնում ու նաեւ դասավանդում եմ: Ինձ համար շատ հաճելի էր, որ համալսարանից ինձ հրավիրեցին հայերեն դասավանդելու: Հետաքրքրել էր նրանց, դե հասկանում եք` գլոբալացման ժամանակաշրջան է, մարդիկ ցանկանում են շատ լեզուներ իմանալ: Հայերենը այս առումով պահանջված լեզու է: Գիտեն, որ հազարամյակների պատմություն ու մշակույթ ունենք եւ ցանկանում են հաղորդակից լինել այդ ամենին: Դա ինձ անչափ ուրախացնում է, եւ ես բավականություն եմ ստանում իմ գործից»,- նշում է 21-ամյա Ալինան:
Նա հպարտությամբ փաստում է, որ Իսպանիան Ցեղասպանությունը ճանաչած երկրներից մեկն է, եւ որ իրենց մոտ շատերը գիտեն Հայոց ցեղասպանության մասին, դատապարտում են եւ սպասում արդարացի դատին:
Միայն կյանքի մեկ երրորդը հայրենիքում ապրած հայուհին խոստանում է միշտ հայ մնալ` չհեռանալով արմատներից ու չտարվելով օտար արժեքներով: «Հայ պիտի մնանք, մեր պարտքն է»,- ասում է Ալինան ու շտապում միանալ Կոմիտասի թանգարան- ինստիտուտ քայլող ընկերներին: Թանգարանում նրանք ծանոթացան լեգենդար կոմիտասյան արվեստին, կոմպոզիտորի, հոգեւորականի ու բանաստեղծի կյանքին, ստեղծագործություններին, ապրումներին, լսեցին պատառիկներ Կոմիտասի գլուխգործոցներից, տեսան նրա անձնական իրերից շատերը, ապրեցին Կոմիտասով ու մաքրվեցին նրա երաժշտությամբ:
Ամալյա Կարապետյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի