Ավարտվեց «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլը

Հուլիսի 17-ին Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի փոխմարզպետը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

 Ողջունելով  «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ուզում եմ հավատալ, որ այս 14  օրը ձեզ համար անմոռաց դարձան: Դուք տեսաք Հայաստանը, սիրեցիք այն: Սիրեցիք  ձեր ընկերներին, և ձեր ընկերությունը երկար կշարունակվի:  Յուրաքանչյուր հայի համար աշխարհի ամենալավ լեզուն հայերենն է, դուք մի՛շտ խոսեք հայերեն: Մենք ձեզ ասում ենք ցտեսություն, այսինքն՝ հրաժեշտ ենք տալիս՝նորից ձեզ տեսնելու ցանկությամբ: Մենք ձեզ սիրում ենք, սպասում ենք, հավատում ենք, և ուզում ենք, որ ձեր դպրոցում լինեք առաջինը: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ժողովուրդը»:

Նախարարը հորդորեց հավատարիմ մնալ ազգային արժեքներին, պահպանել Մայրենին, բնակության երկրում լինել արժանապատիվ քաղաքացի և բարձր պահել հայի պատիվը:  Ապա  օրհնության խոսք ասաց  Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը:

 Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին ողջունեցին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը և «Հայաստանի ձայնը» առաջին մրցույթի հաղթող Մերի (Մաշա) Մնջոյանը:

 Նշենք, որ ծրագրի 3-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 150  երիտասարդ աշխարհի 17 երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Բելգիայից, Չեխիայից, Իտալիայից, Լեհաստանից, Չինաստանից, Լիբանանից, Թայլանդից, Սիրիայից:

a2a1ss2 s3s4 s5s6 s7s8 s9s10 a5 a7

Scroll Up