«Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի ուսուցիչները կիսվում են սեփական փորձով
ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոցը-2015» ծրագրի շրջանակներում շարունակում են հայոց լեզվի արագացված դասընթացները երկու ուղղությամբ`արևելահայերեն և արևմտահայերեն:
«Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է ուսուցիչներ Սիրանուշ Մինասյանի ու Հիլդա Գալֆաեան-Փանոսեանի հետ:
Սիրանուշ Մինասյանը Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս է, ծրագրում աշխատում է Սփյուռքի նախարարության հրավերով. «Մի քանի օրն է, որ աշխատում եմ սփյուռքահայ պատանիների հետ, բայց արդեն մեծ տպավորություններ ունեմ: Իմ խմբի անդամներից ոչ մեկը հայերեն գրել և կարդալ չգիտի, նույնիսկ դժվարանում են խոսել, այդ պատճառով ուսուցումը տառերից ենք սկսում: Կան երեխաներ, որ դժվարությամբ են ընկալում, չեն կարողանում հիշել: Դասերի ժամանակ հետաքրքիր խաղեր ենք կազմակերպում: Երեխաներն այնքան կլանված են դասերի ընթացքում, որ չեն նկատում, թե ինչպես է ժամանակը վերջանում, նույնիսկ ընդմիջման ժամերին են փորձում գիտելիք ստանալ»:
Հիլդա Գալֆաեան-Փանոսեանը աշխատում է Փարիզի Սորբոնի համալսարանում. «Արդեն մի քանի տարի է՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունը հրավիրում է ինձ Հայաստան՝ աշխատելու սփյուռքահայ երիտասարդների հետ: Ես բավականին մեծ փորձ ունեմ այս ոլորտում:
Իմ խմբում կան մինչև երեսուն և երեսունից բարձր տարիքի ուսանողներ: Ուսուցման ընթացքում դժվարություններ շատ են առաջանում, որոնց պատճառները տարբեր են: Մասնակիցներից շատերը հայերեն գրել-կարդալ, նույնիսկ խոսել չգիտեն, այդ պատճառով նրանց հայերեն բառերը, հնչյունները հասկացնելը չափազանց դժվար է: Oրինակ՝ խմբում կա ուսանող, որը միայն արաբերեն է հասկանում: Այդ պատճառով աշխատում ենք լսատեսողական մեթոդով, այլ կերպ ասած` ժեստերով:
Կարծում եմ՝ մինչև դասերի ավարտը կհասցնենք երեխաներին տալ այն միջին գիտելիքները, որ կարողանան հետագայում ինքնուրույն շարունակել լեզվի ուսուցումը»:
Մերի Գևորգյան