Արիտունցիներ.Ամենամեծ ձեռքբերումն այն է, որ բարելավեցինք հայերեն խոսելը

Պատմում են արիտունցիները…
Արտաշ Խանոյան-Վրաստան, քաղաք Ախալցխա
Խորին շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը հատկապես այն բանի համար, որ մեզ համար «Արի տուն» ծրագրի ընթացքում Հայոց լեզվի ուսուցման դասընթաց է կազմակերպել:
Շատ ուրախ եմ, որ հաճախեցի դասերին, որտեղ ուսուցչուհիները մեզ տարբեր թեմաների միջոցով սովորեցրին Հայոց պատմությունը, Հայ գրականությունը, Հայ մշակույթ և հայրենաճանաչողական այլ առարկաներ:
Երախտապարտ եմ ուսուցչուհուս՝ տիկին Աբազյանին, բոլորիս հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար:
Հարություն Մելքոնյան-ՌԴ, քաղաք Մոսկվա
Մոսկվայում ապրելուն հարմարվել եմ: Սակայն դա արգելք չի հանդիսանում, որ Հայաստան գալու մասին չմտածեմ: Միշտ հետաքրքրվում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, իսկ հարազատներիս հետ կապը պահպանում եմ: Տպավորված եմ Հայոց լեզվի դասընթացներից, որոնց մասնակցելու առիթ ունեցա՝ մասնակցելով «Արի տուն» ծրագրին:
Գառնու հեթանոսական տաճար այցելության օրը երկար կպահպանվի հիշողությանս մեջ. ինձ համար ազդեցիկ էր այդ շինությունը:
Դավիթ Մելքոնյան –Վրաստան, քաղաք Ախալցխա
– «Արի տուն» ծրագրում ունեցած կարճ ժամանակահատվածում կարողացա ինձ համար շատ բացահայտումներ անել: Ամենակարևորը՝ կարողացա Հայաստանը լավ ճանաչել, տեսնել բոլոր տեսարժան վայրերը:
Հասկացա, որ, իրոք, Հայաստանը գեղեցիկ երկիր է: Իսկ Հայոց լեզվի դասընթացներին մասնակցելը նոր գիտելիքների պաշար ինձ տվեց:
Արմինե Պալոյան-Վրաստան
– Ցանկանում եմ այս գրությամբ հատկապես ուշադրություն դարձնել Հայոց լեզի արագացված դասընթացին:
Ապրում եմ Վրաստանի հայաբնակ գյուղում: Ճիշտ է, այնտեղ խոսում ենք հայերեն, հաճախում հայկական դպրոց, բայց չենք ուսումնասիրում Հայոց պատմություն առարկան: Սակայն չեմ վհատվում. Հայրենիքիս մասին տեղեկություններ եմ ստանում ինքնուսուցմամբ՝ կամ համացանցի, կամ էլ ընթերցանության միջոցով:
Իսկ այս դասընթացներն ինձ մեծ հնարավորություն տվեցին ընդլայնել գիտելիքներիս սահմանը: Շատ շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը «Արի տուն» ծրագիրը կազմակերպելու համար:
Արմինե Սիրադեղյան -ՌԴ, քաղաք Ռոստով
-Ես առաջին անգամ չեմ լինում Հայաստանում: Միշտ ամառային արձակուրդներին ձգտում եմ գալ և հանգիստս այստեղ անցկացնել:
Ուրախ եմ, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի միջոցով նույնպես կարողացա գալ Հայաստան:
Մասնակցեցի այս ծրագրին, քանի որ ցանկանում էի ավելի լավ բացահայտել Հայրենիքս: Ամենամեծ ձեռքբերումն այն էր սփյուռքահայ երիտասարդներիս համար, որ ծրագրի շրջանակում սկսեցինք բարելավել հայերեն խոսելը:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը