Վաստակավոր ուսուցչուհու համար իր աշխատանքը կենսաձեւ է դարձել
Հուլիսի 10-ից մեկնարկած «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագիրը շարունակում է իր բեղուն գործունեությունը: Հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներից այստեղ են եկել ինչպես պատանիներ, այնպես էլ ուսուցիչներ` մայրենիի նվիրյալներ, ովքեր ցանկանում են կատարելագործել հայոց լեզվի իմացությունը, ծանոթանալ լեզվի հարափոփոխ գործընթացներին, վերդառնալ իրենց համայնքներ եւ շարունակել իրենց ազգանվեր գործը: Նրանց նպատակը մեկն է՝ հային պահել հայ, ինչ գնով էլ լինի:
Այս նվիրյալներից մեկն էլ Նոր Նախիջեւանից եկած Շուրա Սիմավոնյանն է` ուսուցիչ ու մանկավարժ, ով արդեն 46 տարի է, ինչ Սփյուռքում է` աշխատելով եւ կրթելով սերունդներ: Տիկին Շուրան Դոնի Ռոստովի թիվ 14 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհին է, հայկական «Այգ» խմբակի հիմնադիրը, դպրոցի պատմությունը ներկայացնող փոքրիկ թանգարանի տնօրենը: Տիկին Շուրան հպարտությամբ է պատմում, որ Նոր Նախիջեւանում հայկական դպրոց գործել է դեռեւս 1882 թվականից: «Աղքատ հայ երեխաների համար դպրոցը բացվեց հայտնի առեւտրական Գոգոյանի կտակի համաձայն: Գիմնազիայում հայերեն դասերն աանցկացվել են մինչեւ 1941 թվական, որից հետո շուրջ կես դար տեղի հայ բնակչությունը զրկվեց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից»,- պատմում է Շուրա Սիմավոնյանը:
Սակայն մինչ այդ սփյուռքի այլ հայկական դպրոցներում աշխատած, այն ժամանակ այժմյա առույգությանը չզիջող կայտառությամբ, Մայր բուհն ավարտած Շուրա Սիմավոնյանը հաստատվեց այս գիմնազիյում: Նրան խոցում էին հայերենի անմխիթար վիճակը, հայ երիտասարդության հեռացվածությունը արմատներից: Չկարողանալով համակերպվել ստեղծված իրավիճակին եւ բաց նյարդով զգալով հայկականության պակասը` տիկին Շուրան Դոնի Ռոստովում 1991 թվականից վերականգնում է բարի ավանդույթը. նորից սկսում ուսուցանել հայոց լեզուն: «Սկզբում դժվար էր ծնողներին համոզել, որ երեխաներին հայերեն սովորեցնելն անհրաժեշտ է: Բայց ժամանակի ընթացքում աշակերտների թիվը մեծացավ, տեղի հայ համայնքն էլ զբաղվեց դասագրքերի հարցով: Ես, որ օրական մեկ ժամվա ճամփա եմ կտրում մինչեւ դպրոց հասնելը, չզլացա ակտիվ աշխատել, նվիրվել իմ գործին, որ քանի տարի է կենսաձեւ եւ ապրելու իմաստ է դարձել»,- նշում է վաստակավոր ուսուցչուհին:
Գիմնազիայում շուրջ 100 երեխա սովորում է նաեւ հայ գրականություն, պատմություն եւ մշակույթ: Գործում է հենց տիկին Շուրայի հիմնադրած «Արեւիկ» անսամբլը, որտեղ հաճախում են նաեւ ռուս երեխաներ: Տիկին Սիմավոնյանը հրճվանքով է նշում, որ իր անսամբլի երգիչ-երգչուհիները մեծ բեմերի են հասնում, եւ օրինակ է բերում հայտնի էստրադային երգչուհի Եվա Ռիվասին, որն իր սանն է եղել: Ուսուցչուհին հասնել է նաեւ նրան, որ ռուս երեխաներն են ցանկանում գալ եւ հայերեն սովորել: Այցելում է դասարանից դասարան եւ պատմում մեր պատմության հերոսական էջերի մասին: Վերջերս է ավարտել իր` ահռելի ջանքեր պահանջող որոնողական աշխատանքները, որի արդյունքում գտավ բոլոր այն վետերաններին, ովքեր ավարտել էին այս դպրոցը եւ մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Նրանց նկարներն այժմ փակցված են դպրոցում:
Բացի մանկավարժական աշխատանքից` տիկին Շուրան նաեւ թղթակցում է ռուսական «Заря» եւ հայկական «Նոր Նախիջեւան» պարբերականնհերին, իր ջանքերով է նաեւ հրատարակվել եռահատոր «Դոնի Հայաստան» գիրքը 3 լեզուներով` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: «Ինձ համար ձեռքբերում էր նաեւ այն, որ կարողացա 2011 թվականից դպրոցում անցկացնել հայոց լեզվի մարզային օլիմպիադա, որը շարունակական բնույթ է ստացել»,- ասում է տիկին Սիմավոնյանը: Նա նաեւ հաճույքով է խոսում իր հեղինակած գրքի մասին, որը վերնագրված է «Դոնի փոքրիկ Հայաստան»: Այստեղ խտանում են հեղինակի հույզերը, հույսերը, կարոտն ու երազանքները: Պատահական չէ, որ այս նվիրյալ ուսուցչուհին արժանացել է Մայրենիի դեսպան կոչմանը, ստացել բազում պատվոգրեր ու շնորհակալագրեր եւ դեռ շարունակում է ծաղկեցնել իր դպրոցն ու հայ պահել իր սաներին:
Ամալյա Կարապետյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի