Ավրորա Մարդիգանյանի ճամպրուկը կհամալրի Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ցուցադրությունը
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի այցելուները այսուհետ հնարավորություն կունենան տեսնել Ավրորա Մարդիգանյանի ճամպրուկը, որով ճանապարհորդում էր ԱՄՆում «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ճամպրուկը թանգարանինստիտուտի ցուցադրությունը կհամալրի հուլիսի 15-ից: «Այս ճամպրուկը հատուկ պատրաստվել է երկարատև ճամփորդությունների համար: Ավրորա Մարդիգանյանն այն օգտագործել է իր պատմության հիման վրա և իր իսկ դերակատարմամբ նկարահանված ֆիլմը ցուցադրելու ժամանակ՝ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում շրջագայելու ընթացքում», ասաց Հայկ Դեմոյանը:
«Ոսկե ծիրան» 12-րդ Կինոփառատոնի բացմանը Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդիսականներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության ականատես վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) պատմությունը և 1918թ. ԱՄՆ-ում նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ օգտագործված Ավրորա Մարդիգանյանի ճամփորդական ճամպրուկը: Ավրորա Մարդիգանյանի ճամպրուկը հայտնաբերել է Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի ջանքերով և ձեռք է բերվել «ՎիվաՍելՄՏՍ»ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ: Այն Հայաստան է տեղափոխվել Հրաչ Հաննեսյանի օգնությամբ: Ճամպրուկի վրա գրված է նրա անունը՝ Aurora Mardiganian և ֆիլմի անվանումը՝ Auction of Souls CO:
Հուլիսի 12-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ոսկե ծիրան» 12-րդ Կինոփառատոնի բացման ժամանակ ներկայացվեց այս եզակի մասունքը, ինչպես նաև Ավրորա Մարդիգանյանի հուշագրության 1923 թվականին ճապոներեն թարգմանությամբ լույս տեսած բացառիկ հատորը, որը հնարավոր է եղել ձեռք բերել Ճապոնիայում բնակվող մեր հայրենակցուհու ջանքերով: