Իտալական պարբերականը ցույց է տվել Թուրքիայի արդարացումների անհեթեթությունը

Թուրքիայի արդարացումները, թե Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհվել է միայն 200 հազար հայ, լիովին անհիմն են։ Այդ մասին տեղեկացնում է News.am կայքը՝ հղում տալով իտալական «Il Giornale d’Italia» պարբերականին։

Հոդվածում ասվում է.

«Այսօրվա Թուրքիան ժխտման ուղին է ընտրել։ Իհարկե, այսօրվա պետությունը չի կարող պատասխանատվություն կրել անցյալում կատարվածի համար։ Բայց Թուրքիան հայտարարում է, թե իրականում զոհվել է 200 հազար մարդ։ Կարծես՝ դրանից հանցագործությունն ավելի պակաս սարսափելի է դառնալու։

Իրականում հայ ժողովրդին հալածել են հեռավոր 301 թվականից, երբ նա դարձավ առաջինը քրիստոնեություն ընդունած ազգը։

Ցեղասպանության մեկնարկից ամիսներ առաջ «Իթթիհադ» կոմիտեի գաղտնի հանդիպմանը դրա գործադիր քարտուղար Նազիմն ասում էր. «Այլ հարմար պահ կարող է այլևս չլինել ողջ հայկական բնակչությանը ոչնչացնելու համար: Այս պահին խոշոր տերությունների միջամտությունը քիչ հավանական եմ համարում»։

Դա ոչնչացում էր բառի բուն իմաստով, եւ դրա վկայությունները բազմաթիվ են։ Առանձնակի գազանությամբ էին հաշվեհարդար տեսնում հոգեւորականների հետ։ Վանի կուսակալ եւ պաշտպանության նախարար Էնվերի զարմիկ Ջեւդեթ բեյը պայտեր էր մեխում նրանց ոտքերին»,- գրում է պատմաբան Ալբերտո Ռոսսելին։ Գազանություններն այնտեղ էին հասել, որ անգամ պատերազմի ժամանակ իրենց խստությամբ հայտնի գերմանացիները պահանջեցին վերջ դնել «անիմաստ դաժանությանը»։ Բայց օսմանցիները չդադարեցրին։

Իրադարձությունների հանգամանալից պատկերը ներկայացնող Ռոսսելին նկատում է, որ որոշ թուրք նահանգապետերը, թեեւ շատ քիչ, սակայն հրաժարվում էին կատարել Կոնստանդնուպոլսից եկող հրամանները։ 1915թ. հուլիսին Անկարայի նահանգապետին հանեցին եւ նրա փոխարեն կատաղի մի զինվորականի նշանակեցին։

Scroll Up