Ռուսաստանի Դաշնության մի խումբ պատգամավորներ հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդունեց Կրասնոդարի օրենսդիր ժողովի պատգամավոր Սվետլանա Զեմլյանայային, Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր Էլեոնորա Երվանդյանին և Քաղաքային դումայի հասարակայնության հետ կապերի համակարգող Անդրեյ Յալանուզյանին:
Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր, «Наше время» երիտասարդական կազմակերպության ղեկավար, ներկայումս «Единая Россия» տարածաշրջանային շտաբի անդամ, Սոչիի տեղական բաժանմունքի համակարգող և «Ամուր ընտանիք» նախագծի համակարգող Էլեոնորա Երվանդյանը ներկայացրեց այցի նպատակը, համայնքում առկա խնդիրները, ինչպես նաև իրականցվող մշակութային միջոցառումները:
Կրասնոդարի օրենսդիր ժողովի պատգամավոր Սվետլանա Զեմլյանայան ներկայացրեց երկրի օրենսդիր մարմնի նախաձեռնությամբ իրականացվող «Ամուր ընտանիք» նախագիծը, որը միտված է ամուր ընտանիքի ստեղծմանը:
Ողջունելով հյուրերին՝ Ս. Սրապիոնյանը մասնավորապես նշեց. «Այս տարի մեր ժողովրդի համար շատ կարևոր և պատասխանատու տարի է, քանի որ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ռուս ժողովրդին և հատկապես Ռուսաստանի նախագահին, որ հարգեց մեր ցավը, հավատաց մեր կենսունակությանը և մասնակցեց Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնք յուրօրինակ ուղերձ էին աշխարհին»:
Կարևորելով Կրասնոդարում նման ծրագրի իրականացումը՝ Սերժ Սրապիոնայանը նշեց. «Պատահական չէ, որ եկել եք Հայաստան՝ ամուր ընտանիքի խնդիրները քննելու, հայկական փորձը ուսումնասիրելու համար, քանի որ հայկական ընտանիքը հզոր ավանդույթներ ունի, որոնք պահպանվել և փոխանցվել են դարեր շարունակ: Եվ այն իր ավանդական ձևով, ավանդույթներվ կարող է համարվել կատարյալ ընտանիքի օրինակ»:
Փոխնախարարը ներկայացրեց նաև Սփյուռքում հայապահպանությանը, ազգային ինքնությանը, հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանն ուղղված աշխատանքները:
Այնուհետև համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող համահայկական ծրագրերը:
Քննարկվեցին համագործակցությանն առնչվող հարցեր: