Երկրի օրը Պրահայի քվադրինալեում. ՀՀ-ն ներկայացրել է վերապրածներին նվիրված ֆոտոնախագիծ

Հունիսի 18-ին Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած Պրահայի քվադրինալեի շրջանակում, որին մասնակցում է նաև Հայաստանը, երեկ՝ հունիսի 23-ին, Երկրի օրն էր: Հայաստանը 2015-ին Քվադրինալեում ներկայանում է, ինչպես արդեն հայտնի է, «Կարմիր կարկուտ» ինստալյացիայով՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին հայտնումէ  armeniangenocide100 կայքը:

Երկրի օրը ՀՀ-ն իր հիմնական կոնցեպտի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ներկայացրել է Ցեղասպանությանը նվիրված «100 տարվա լռություն» ֆոտոնածագիծը, որը պատմում է այժմ Հայաստանում ապրող վերջին վերապրածների մասին: Հայկական տաղավարում ներկայացվել է ֆոտոցուցահանդես ու տեսաֆիլմ: Վերջինս բաղկացած էր վերապրածների լուսանկարներից ու նրանց հետ հարցազրույցների ձայնագրություններից: Բացման արարողությանը ներկա էր նաև Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, որն իր ելույթում հիշատակեց Պրահայում ծնված Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան քառասուն օրը», ինչպես նաև պատմեց չեխ գրող Կարլ Հանսայի մասին: Վերջինս 1923-ին գրել է «Արևելքի սարսափները» (The Horrors of the East) գիրքը՝ այդ տարիներին ճանապարհորդելով Մերձավոր Արևելքի երկրներով ու տարեգրություն հավաքելով: Դրանում նա ներկայացնում է հայերի պատմությունն ու մշակույթը Ցեղասպանության տարիներին: Դեսպանի խոսքով, մինչև տարեվերջ Հանսայի գիրքը կվերաթողարկվի:

Բացմանը ներկա է եղել նաև «100 տարվա լռությունը» նախագծում լուսանկարված վերապրածներից մեկի՝ Սիլվարդ Ատաջյանի թոռը՝ Մարիամը, որը բնակվում է Պրահայում: Նա հուզված պատմել է, որ չնայած անցած ճանապարհին, տատիկը միշտ կենսուրախ էր:

Հայաստանի ներկայացուցիչները մինչև վիդեոն ցուցադրելը ներկայացրել են PAN Photo-ի «100 տարվա լռությունը» ֆոտոնախագիծը, պատմել դրա ստեղծման մասին, թե ինչպես են կարողացել գտնել վերապրածներին, շփվել նրանց հետ, հավաքել արխօվային լուսանկարներն ու արդյունքում իրար գումարել այդ ամենը: Նրանք խոսել են այն մասին, թե ինչ է առհասարակ ցեղասպանությունը, ինչ է նշանակում «ցեղասպանություն» բառն ու ներկայացրել, թե ինչպես վերջին տարիների Հայաստանը սկսեց տեղեկացնել ամբողջ աշխարհին 1915-ի իրադարձությունների մասին:

Scroll Up