Արի տուն-2015. Պատմում են արիտունցիները…

Շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:  Հայրենիքում անցկացրած օրերի մասին տպավորությունները պատանիներն ու աղջիկները կիսել են «Հայերն այսօրի» հետ:

 

Նարեկ  Արբջյան – Շատ սիրեցի  «Արի տուն»  ծրագիրը:  Տարբեր վայրեր շրջելու գնացինք, նույնիսկ վայրեր կային, որտեղ ընդհանրապես չէի եղել: Աչքիս ամեն ինչ գեղեցիկ է թվում Հայաստանում: Հուսամ, որ ճամբարային օրերն էլ լավ կանցնեն՝ հագեցած առօրյայով:  Անկեղծ շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը մեզ Հայաստանում շրջագայելու հնարավորություն ընձեռելու համար:

Շիրազ Սուլթանյան – «Արի տուն»  ծրագրին մասնակցելով՝ կարողացա ավելի շատ բացահայտել իմ երկիրը: Հատկապես ուրախացա հայոց լեզվի դասընթացներին մասնակցելուց: Դասաժամերին տարբեր թեմաներ ենք ուսումնասիրում, որից շատ եմ ոգևորվում: Հիմա արդեն հայերենից գիտելքիներս ավելացրեցի, ինչի համար երախտապարտ եմ մեր ուսուցչուհուն:

Փիեր Սուլթանյան – Ինձ մեծ հնարավորություն տրվեց ճանաչելու, թե  Հայրենիքս ինչ անցյալ է ունեցել: Ժամանակս «Արի տուն»  ծրագրում հիանալի է անցում, ընկերներիս հետ ճանապարհին տարբեր թեմաների շուրջ ենք զրուցում, կարծիքներ փոխանակում: «Արի տուն»  ծրագրից ստացած գիտելիքներս փոխանցելու եմ հաջորդ սերունդներին:

Դավիթ Տեր-Վարդանյան – Ես անչափ հպարտ եմ, որ եկել եմ Հայաստան և մասնակցում եմ «Արի տուն»  ծրագրին: Այնքան տպավորված եմ իմ անուշ Հայաստանով և հայոց լեզվով, որ դեռ երկար ժամանակ հիշողությանս մեջ կպահեմ ծրագրում անցկացրած օրերս:

Մերի Չարշաֆճյան – Ճանաչեցի Հայրենիքս, գնացի իմ երազած եկեղեցիները, տեսա գեղեցիկ վայրերն ու հայկական բնությունը: Սակայն ամենից շատ սիրեցի զորամաս գնալու օրը, երբ ծանոթացա մեր զինվոր-տղաներին: Նրանց շնորհիվ է, որ այսօր հանգիստ քնում ենք ու խաղաղ երկնքի տակ ապրում:

Ավո Արոյան – «Արի տուն» ծրագրին մասնակցելով՝ ծանոթացա Հայաստանի հարստություններին՝ տեսարժան վայրերին, սրբատեղիներին, պատմամշակութային հուշարձաններին, խաչքարերին, այցելեցի թանգարաններ: Ինքս ինձ խոսք եմ տվել՝  երբեք չմոռանալ Հայրենիքիս հարստությունները:

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

 

Scroll Up