Ես խորհուրդ կտամ բոլոր սփյուռքահայերին, որ գան Հայաստան թեկուզ մեկ ամսով և մտածեն ապագայի մասին. Արա Աշճյան

Ծնվել է Բաղդադում, 1960 թվականին: Նախնական և երկրորդական ուսումը ստացել է Բաղդադի հայոց ազգային միացյալ վարժարանում: 1983թ. ավարտել է Բաղդադի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի քաղաքաշինության բաժինը (Civil Engineering Department): 1988թ. ստացել է մագիստրոսի տիտղոս՝ Բաղդադի (Technology) համալսարանի շինարարության բաժնից (Building and Construction Engineering Department): Աշխատել է իր մասնագիտության ոլորտում՝ իբրև շինարար ճարտարագետ, ինչպես նաև դասախոսել է համալսարանում: Երկար տարիներ դասախոսել է հայ ժողովրդի և եկեղեցու պատմություն, մեկնաբանել է Ս. Գիրքը Իրաքի Հայոց Առաջնորդարանում: Իբրև լրագրող է աշխատել իրաքյան «Սաութ Ալ-Թալաբա» (Աշակերտության Ձայնը), ապա՝ «Ալ-Մուսթաքբալ» և «Ալ-Դիուան» շաբաթաթերթերում:

–  Պարո՛ն Աշճյան, ես արդեն ունեմ Ձեր այցեքարտը, հիմա պետք է խնդրեմ պատմեք, թե երբ եկաք ու հաստատվեցիք Հայրենիքում: Ձեզ կարելի՞ է անվանել հայրենադարձ, ով դարձել է Հայաստանի մշտական բնակիչ:

–  2007-ից Հայաստանում եմ և, իրապես, հայրենադարձ եմ, ով դարձել է Հայաստանի բնակիչ, Հայաստանի հայության մի մասնիկը: Դեռևս 2006-ին եկա Հայրենիք մեկ ամսով, որպեսզի ծանոթանամ պայմաններին, աշխատանքիս հարցը լուծեմ. ես հիվանդ եղբայր ունեի և մտահոգված էի նաև նրա առողջական խնդիրներով, որոնց կարգավորման հարցերը ևս պիտի լուծեի այստեղ: 2007-ին տեղափոխվեցի Բաղդադից, աշխատանքի անցա Հայրենիքում, ամուսնացա, ընտանիք կազմեցի, երեխաներ ունեցա: Կինս էլ հայրենադարձ է. եկել է Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքից: Համացանցով ենք ծանոթացել: Ինքն այստեղ սովորում էր և աշխատում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

–  Որտեղի՞ց են Ձեր արմատները:

–  Հայրիկս Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի զավակ է: Հորս՝ Սարգիս Աշճյանի ընտանիքի բոլոր անդամները սպանվել են 1915-ին, մնացել են ինքն ու եղբայրը: Նրանք Ուրֆա քաղաքից էին, ուր հերոսական պաշտպանական մարտեր են մղվել: Մայրիկիս՝ Արաքսի Նազարյանի արմատները Կիլիկիայից են, Քիլիսից, իսկ ինքը ծնվել է Հալեպում: Նրանց ընտանիքն Իրաքում հաստատվել է 1947թ.: Հայրս առաջին ամուսնությունից 3 զավակ է ունեցել, կինը մահացել է, հայրս երկրորդ անգամ ամուսնացել է մորս հետ և ունեցել է 2 զավակ՝ քույրս՝ Անին, ով իր ընտանիքով ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և ես: Սա՛ է իմ արմատների, իմ ընտանիքի պատմությունը: Դեռևս 1947-ից հայրիկս երազել է Հայաստան տեղափոխվելու մասին, բայց ինչ-ինչ հանգամանքներ խանգարել են, և ահա ես, 60 տարի անց, իրագործեցի հորս երազանքը՝ տեղափոխվելով Հայրենիք: Հայրս միշտ պատմում էր 1915-ին հայերի ապրած սոսկալի տառապանքների, որբանոցում իր անցկացրած տարիների մասին: Այսօրվա պես հիշում եմ, թե հայրս որքա՜ն էր հուզվում ու տխրում Եղեռնի մասին պատմելիս: Զավակներիս կոչել եմ ծնողներիս անուններով՝ Սարգիս և Արաքսի: Ինչ-որ ձևով փորձել եմ երախտագետ զավակ լինել, վառ պահել նրանց հիշատակն ու անունները: Հայաստանն ու հայ ժողովրդին դեռևս փոքր ժամանակից սիրել եմ, երազել եմ Հայրենիքի մասին՝ ճանաչելով այն միայն դասագրքերից: Այդ սերը մեջս մնացել է՝ մինչև ինքս եմ սկսել Հայոց պատմություն դասավանդել մեր Առաջնորդարանում: Ես մասնագիտությամբ շինարար-ճարտարագետ եմ, բայց ուսումնասիրելով մեր պատմությունը՝ դարձել եմ նրա մունետիկներից մեկը:

–  Ւսկ Ձեր մասնագիտությամբ աշխատե՞լ եք Բաղդադում:

Այո՛, աշխատել եմ մասնագիտական ոլորտում, իսկ այստեղ 2007-ից աշխատանքի եմ անցել Լինսի ծրագրով ճանապարհաշինության ոլորտում, մասնավորապես՝ կամուրջաշինության: 2008-ին ավարտել եմ այդ ծրագիրը և մտել եմ «Հազարամյակների մարտահրավերներ հիմնադրամի» ՊՈԱԿ, եղել եմ ծրագրի ղեկավար, Մայր ջրանցքների, երրորդ կարգի ջրանցքների վերակառուցման պայմանագրի ծրագրի պատասխանատուն եմ եղել և մնացել եմ այդ աշխատանքում մինչև 2011 թվականը: Այդ աշխատանքը նաև հավելյալ առիթ էր՝ ծանոթանալու Հայաստանի տարբեր մարզերին, գյուղերին, շփվելու աշխատասեր, բարի, հյուրասեր հայ գյուղացիների հետ: Դա մի դպրոց էր, հայրենաճանաչության մեծ դաս:  2012 թվականից աշխատում եմ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակում՝ որպես Հայաստան-Վրաստան պետական սահմանի՝ ավելի քան 65 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով անցակետերի արդիականացման ծրագրերի ղեկավար: Կառուցում ենք նոր, արդիականացված, եվրոպական չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր: Մենք ոչ միայն արդիականացնում ենք անցակետերը, այլև զբաղվում ենք հոսանքի մատակարարման, գազաֆիկացման խնդիրներով, և սա վերաբերում է ոչ միայն անցակետերին, այլև՝ շրջակա համայնքներին: Ես սիրում եմ իմ աշխատանքը և հաճույքով եմ կատարում այն: Ավելի քան 21 տարվա մասնագիտական փորձառություն ունեմ, 8 տարի էլ Իրաքում դասախոս եմ աշխատել, 3 տարի աշխատել եմ Իրաքում Հայաստանի դեսպանատանը՝ իբրև ավագ թարգմանիչ: Հայկական հարցի թեմաներով դասախոսել եմ Իրաքի մեր բոլոր մշակութային միավորումներում, դասախոսություններ եմ կարդացել նաև իրաքցի մտավորականների կազմակերպած համաժողովներում:

–  Ձեր կատարած աշխատանքներից ո՞րն է առավել հոգեհարազատ:

–  Բոլորն էլ հոգեհարազատ են. Առաջնորդարանի կողմից «Կանթեղ» պարբերականին եմ նաև անդամակցել, հրատարակել եմ «Լրաքաղ» ամսաթերթը, թղթակցել եմ իրաքյան մի շարք շաբաթաթերթերի և նյութեր եմ տրամադրել Հայոց ցեղասպանության թեմաներով: Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի կողմից լրագրողական ակտիվ գործունեության համար պարգևատրվել եմ: Եվ նորից ասեմ, որ բոլոր այս բնագավառներում աշխատել եմ նվիրումով, սիրով ու մեծ պատասխանատվությամբ:

–  Պարո՛ն Աշճյան, ասացիք, որ Եղեռնի թեմաներով եք գրում:

–  Այո՛, համացանցում արաբերեն և անգլերեն լեզուներով շատ նյութեր եմ գրել այդ թեմայով: Իրաքում մեր համացանցը պատերազմի պատճառով սահմանափակ էր. տեսնում էի, որ արաբական աշխարհի մեջ շատ քիչ էին հոդվածները հայերի մասին, եղածներն էլ օտար, թուրքական, աղավաղված տեղեկություններ էին: Արաբ հեղինակները միշտ դժգոհում էին, որ հայերի մասին արաբերենով աղբյուրները շատ քիչ են, գրեթե չկան: Պատմաբաններին, լրագրողներին աղբյուրներ էին հարկավոր: 2006թ. փետրվարից ես անձնական բլոգ եմ ստեղծել, որտեղ իրաքահայության մասին, ղարաբաղյան հարցերով նյութեր, հաղորդագրություններ եմ ստանում ու տեղադրում: 2008-ից ստեղծել եմ ֆեյսբուքյան խմբեր. ամենամեծն իրաքահայության խումբն է, որն այսօր ունի ավելի քան 2150 անդամ: Պատրաստում եմ մի քանի գիրք հրատարակել. Ցեղասպանության տարիներին մեզ շատ աջակցած արաբական աշխարհին պետք է ծանոթացնել հայոց պատմությանը:

–  Այս տարի, Իրաքում, մայիսի 23-ին Դուք մասնակցեցիք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողովին: Խնդրում եմ պատմեք այդ համաժողովի և Ձեր ելույթի մասին:

–  Իրաքահայ համայնքն այս տարի այդ առումով մեծ վերելք ապրեց. 100-րդ տարելիցի առիթով կազմակերպեցին միջոցառումներ, ինչպես նաև՝ արտոնված խաղաղ երթ՝ դեպի թուրքական դեսպանատուն: Ավելի քան 500 միություններ շատ կազմակերպված անցկացրին այն, ներկա էին նաև օտարերկրյա հյուրեր, իսկ լրատվամիջոցները՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային, ընդգրկուն ձևով արտացոլեցին բոլոր միջոցառումները: Համաժողովին Հայաստանից ինձ հրավիրեցին, հրավիրված էին ակադեմիկոս, արաբագետ Նիկոլայ Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և տիկին Սեդա Հովհաննիսյանը: Իմ զեկուցման թեման էր՝ «Հայերի իրավիճակը 19-րդ դարում և Օսմանյան Թուրքիայի ցեղասպանության քաղաքականությունն ընդդեմ հայերի՝ մինչև 1923թ.»: Սա 40 էջանոց ուսումնասիրություն է, որից շատ ամփոփ ելույթ էի կազմել: Համաժողովին մասնակցում էին 500 հոգի, շատ հետաքրքիր ելույթներ եղան: Ես նաև պարտականություն ունեի արաբերեն թարգմանելու Հայաստանի մեր հարգարժան ակադեմիկոսի, պատմաբանների ելույթները, որոնք շատ տպավորիչ էին: Դա շատ ծանրակշիռ համաժողով էր. շուտով բոլոր ելույթները կհրատարակվեն: Առաջին անգամ այդպես ընդգծված կերպով արաբ ժողովուրդն արտահայտեց իր դիրքորոշումը՝ խստորեն դատապարտելով Օսմանյան կայսրության գործած ոճիրը հայերի հանդեպ: Մեր հայ ակադեմիկոսները, պատմաբանները դարձյալ անդրադարձան 1915թ. Հայոց Ցեղասպանության տարիներին հայերի հանդեպ արաբ ժողովրդի ցուցաբերած մարդասիրությանը և իրենց երախտագիտությունը հայտնեցին հայերին օգնելիս՝ հաճախ իրենց կյանքը վտանգած արաբ ժողովրդին:

–  Պարո՛ն Աշճյան, կյանքում, աշխատանքում ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:

–  Աշխատանքում, ընտանիքում, իմ միջավայրում առաջնորդվում եմ ազնվության, անկեղծության, շիտակության սկզբունքներով: Չեմ կարող տանել սուտը, կեղծիքը: Պետք է միշտ ճիշտն ասել և ճշմարտության, արդարության ջատագով լինել:

–  Ի՞նչն է պակասում մեր երկրում, որպեսզի թե՛ Հայրենիքի, թե՛ ընտանիքի, թե՛ բոլորիս համար կյանքը լիարժեք լինի:

–  Կուզեմ, որ Հայաստանի վիճակը տնտեսապես բարելավվի, ավելի կայուն դառնա: Ես խորհուրդ կտամ բոլոր սփյուռքահայերին, որ գան Հայաստան թեկուզ մեկ ամսով և մտածեն ապագայի մասին, ներդրումներ անենք Հայրենիքում: Ես ուզում եմ, որ բոլորս միասին կառուցենք օրենքի երկիր:

–  Դուք հավատո՞ւմ եք միավորված, միացյալ Հայաստանի տեսլականին:

–  Այո՛, հավատում եմ: Ո՞վ կմտածեր, որ Սովետը կփլուզվի, Ղարաբաղը կազատագրվի, Հայաստանը կանկախանա: Հայկական հարցն արդեն վերելք է ապրում: Եթե Ղարաբաղն ազատագրված է, վաղը մենք կարող ենք ոտք դնել նաև մեր Պատմական Հայրենիքի հողին: Այսօր առաջադեմ և մարդասեր թուրք մեծ մտածողներ ևս կան, ովքեր քննադատում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց Եղեռնի հարցում: Ես հավատում եմ միավորված, մեծ Հայաստանի գաղափարին:

–  Շարունակեք խնդրեմ մեծ բանաստեղծի՝ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» տողերը՝ Ձեր զգացումներով:

–  Հայաստան ասելիս հպարտ եմ զգում, ուժ եմ ստանում: Հայաստա՛նն է Սփյուռքի ողնաշարը, առանց Հայաստանի հայություն չկա:

Կարինե  Ավագյան

IMG_3537

Scroll Up